Բացվել է առաջին հայկական վիրտուալ համալսարանը

Համալսարանի հիմնադիր եւ նախագահ Երվանդ Զորյանը:

Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ ստեղծվեց Հայկական վիրտուալ համալսարան, որի շնորհիվ աշխարհասփյուռ հայությունը ինտերնետի միջոցով կարող է կրթություն ստանալ` անկախ տարիքից, բնակության վայրից եւ գիտելիքների մակարդակից։
Երկու շաբաթ առաջ մեկնարկել են փորձնական դասընթացները, որոնց մասնակցելու համար դիմել էր 382 մարդ 35 երկրներից: Նրանցից,սակայն, ընտրվեցին միայն 150-ը։

«Համալսարանն ունի երեք ֆակուլտետ` լեզու, պատմություն, մշակույթ, իսկ կրթությունն իրականացվում է 6 լեզուներով` արեւմտահայերեն, արեւելահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն։ Մասնակցելով դասընթացներին` ուսանողները ստանում են կրեդիտներ, իսկ ամբողջությամբ ավարտելու դեպքում` դիպլոմ», - ասաց համալսարանի հիմնադիր եւ նախագահ Երվանդ Զորյանը։

Համալսարանի դասընթացներին կարող են մասնակցել տարբեր տարիքի մարդիկ, սակայն ուսանող կարող են դառնալ միայն երիտասարդները։ Մեծահասակները հնարավորություն կունենան որպես ունկնդիր հետեւել դրանց։ Հունիսի 14-ից մեկնարկած դասընթացներին մասնակցում են տարբեր սերունդների ներկայացուցիչներ` 17-82 տարեկան։

Ուսուցումն իրականացնում են մրցույթով ընտրված եւ հատուկ ծրագրի համար վերապատրասված մասնագետներ։

Ամառային դասընթացները անվճար էին, սակայն մյուսների համար ուսանողները պետք է վճարեն։ Դրանց մեկ կուրսը կարժենա 200 դոլար։

Անհրաժեշտության դեպքում կգործեն նաեւ զեղչեր։ Այն ուսանողներին, ովքեր գերազանց կավարտեն դասընթացները, գումարը հետ կվերադարձվի», - ասաց Զորյանը:

Հայկական վիրտուալ համալսարանի աշնանային շրջանի գրանցումը կմեկնարկի օգոստոսի 31 եւ կավարտվի սեպտեմբերի 14-ին: