Հայաստան կայցելի Կիպրոսի նախագահը

Հուլիսի 6-7-ը Հայաստան կայցելի Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի ուղեկցությամբ:

Պատվիրակությունում ընդգրկված են արտգործնախարար Մարկոս Կիպրիանուն, Ներկայացուցիչների պալատում հայկական կրոնական համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը, Հայաստանում Կիպրոսի դեսպան Պետրոս Կեստորասը (նստավայրը` Մոսկվա) եւ Հայաստանում Կիպրոսի պատվո հյուպատոս Արմեն Խաչատրյանը:

Ինչպես տեղեկացնում է Կիպրոսի մամուլի եւ տեղեկատվության գրասենյակը, պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ:

Դեմետրիս Խրիստոֆիասի եւ Սերժ Սարգսյանի առանձնազրույցին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների բանակցությունները:

Կիպրոսի նախագահը եւ նրա տիկինը այցելելու են Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նախատեսված է նաեւ Դեմետրիս Խրիստոֆիասի աշխատանքային ճաշը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ընթրիք` նախագահ Սերժ Սարգսյանի հետ: