Շառլ Ազնավուրը իր հավատարմագրերն է հանձնել Շվեյցարիայի նախագահին

Հունիսի 30-ին Բեռնում` Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային պալատում, Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերն է հանձնել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Հանս-Ռուդոլֆ Մերցին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության` այսօր տարածած հաղորդագրության համաձայն, արարողությանը հետեւած զրույցի ընթացքում Շվեյցարիայի նախագահը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի նախագահի այս նշանակումը, ինչը նոր լիցք ու թարմություն կհաղորդի երկու պետությունների բարեկամական հարաբերություններին:

Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ինչպես նաեւ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 4-ի հրամանագրերով: ՄԱԿ-ի ժնեւյան կենտրոնակայանի ղեկավար Սերգո Օրջոնիկիձեին նա իր հավատարմագրերը հանձնել է անցած շաբաթավերջին:

2008 թվականի դեկտեմբերին Շառլ Ազնավուրին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել: Նա Հայաստանի Ազգային հերոս է: