Դատարանը Փաշինյանի փաստաբաններին ժամանակ է տրամադրել առարկություններ ներկայացնելու համար

Հինգշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:
Նիկոլ Փաշինյանի շահերի 4 պաշտպաններից՝ Արա Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ավետիսյանը իրենց ժամանակ է տրամադրել գրավոր առարկություններ պատրաստելու ու ներկայացնելու համար։

«Դատարանի դահլիճում նախաքննական մարմինը ներկայացրեց, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ արդեն իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք եւ խնդրեց, որպեսզի դատարանը կրկին անգամ քննարկման առարկա դարձնի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցը եւ դատարանի նախորդ որոշումը հաստատի», - նշեց Զաքարյանը։

Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, մարտի 1-2-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի պարզաբանմամբ, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց դեռ անցյալ տարի դատարանի որոշմամբ արդեն ընտրված էր եւ այս պահին Փաշինյանը կալանքի տակ է։

«Սակայն հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի որոշումը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան՝ միջնորդություն է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցի կրկնակի քննություն նշանակելու մասին, որին ապահովվել է մեղադրյալի մասնակցությունը», - ասաց Հարությունյանը։

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսվում է կալանավորման մասին միջնորդության կրկնակի քննություն, պաշտպան Արա Զաքարյանը պարզաբանեց. - «Մեր օրենսդրությունը նախատեսում է նախաքննության մարմնի միջնորդությունը քննել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կամ նրա կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու համար»։

Ըստ փաստաբանի, քանի որ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով անձը միայն օրենքով կարող է զրկվել ազատությունից, պաշտպանական կողմը կարող է ասել, որ այս դատավարությունը իրականացվում է օրենքով չսահմանված կարգով։

Նիկոլ Փաշինյանը կալանավորվել է երեկ` իրավապահ մարմիններին հանձնվելուց մի քանի ժամ հետո։ Փաշինյանի շահերի պաշտպաններից՝ Տիգրան Աթանեսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախօրեին իրենց պաշտպանյալին մեղադրանքը առաջադրվել է, քննչական գործողությունները կատարվել են, Փաշինյանը ցուցմունք տալուց հրաժարվել է:

Իրավապահ մարմիններին հանձնվելու պահից Փաշինյանին ուղեկցել են նրա շահերի պաշտպանները: Ի պատասխան հարցի` արդյո՞ք որեւէ խախտում կամ խախտման փորձ տեղի ունեցել է իրավապահների կողմից, փաստաբան Աթանեսյանը ասաց. - «Նախ, ոստիկանության Կենտրոնի բաժնում փորձ արվեց ձեւակերպել դա իբրեւ բերման ենթարկել. [մեկ] տարի չորս ամիս չէին կարողանում` ինքը եկավ, ու իրեն բերման ենթարկեցին: Մենք, իհարկե, դրան խիստ դեմ արտահայտվեցինք, որովհետեւ, նախ եւ առաջ, իրեն բերման չեն ենթարկել: Արձանագրվեց, որ նա ինքնակամ է ներկայացել: Ընթացքում տեղի ունեցավ մի միջադեպ` մոտ 5-10 րոպեով առանց մեր համաձայնության, առանց իր համաձայնության, նրան տարան Կենտրոնի ոստիկանության բաժնի պետի մոտ, մեզ մուտքը արգելվեց, եւ պատճառաբանեցին, որ ուզում է զրուցել»:

Ի վերջո, ոստիկանապետը առանց փաստաբանների զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ոստիկանապետը հանճարեղ հարց էր իրեն ուղղել` ուզում էր ճշտել թե որտեղ է եղել, որտեղ էր թաքնվում: Իհարկե, պատասխան չի ստացել: Այնուհետեւ կատարվեցին այդ ձեւական գործընթացները, եւ նա տեղափոխվեց մեկուսարան», - պատմեց Տիգրան Աթանեսյանը:

2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը դատախազություն ներկայացավ չորեքշաբթի օրը:

Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու , ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Վերջին մեղադրանքով քրեական գործը հարուցվել էր դեռեւս 2007 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած միջադեպից հետո:

Փաշինյանին առաջադրված մեղադրանքների համար Քրեական օրենսգրքով նախատեսված ամենախիստ պատիժը 4-ից մինչեւ 10 տարվա ազատազրկումն է:

Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշման համաձայն` պատժից ազատվում են մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածները:

Համաներումը չի կիրառվում մինչեւ Ազգային ժողովի որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ` «բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաuտանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իuկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան»: