Իրանը պաշտոնապես հայտարարում է 20 զոհերի եւ հազարից ավելի ձերբակալվածների մասին

Իրանի իշխանությունները երեքշաբթի օրը պաշտոնապես հայտարարեցին, որ հետընտրական անկարգությունների ժամանակ 20 մարդ է զոհվել, ձերբակալվել են ավելի քան հազար ցուցարարներ:

Իրանի ոստիկանապետ Ահմադի Մողադամը «Ֆարս» լրատվական գործակալությանը ասել է, թե «ոչ մի ոստիկան չի սպանվել Թեհրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, սպանվել են անկարգությունների 20 մասնակիցներ»:

Նա հայտնել է, որ ոստիկանությունը 1032 մարդ է ձերբակալել: Շատերը ազատ են արձակվել, մնացածի գործերը հետաքննում են Թեհրանի հանրային ու հեղափոխական դատարանները:

Ոստիկանապետը նաեւ փոխանցել է, որ Իրանի իշխանությունները փնտրում են այն բժշկին, ով ասել էր, թե 26-ամյա Նեդայի սպանության ականատեսն է, որը կատարվել է Թեհրանի փողոցում ցույցի ժամանակ:

Արաշ Հաջեզին անցած շաբաթ BBC-ին ասել էր, թե Նեդան ակնհայտորեն սպանվել է «Բասիյ» ռազմական միավորման անդամի կրակոցից:

«Արաշ Հաջեզին փնտրվում է հետախուզական նախարարության ու Ինտերպոլի կողմից», - հայտարարել է Իրանի ոստիկանապետը:

Նեդայի կյանքի վերջին վայրկյանները պատկերող տեսանյութը տեղադրվել է ինտերնետում, ցուցադրվել ամբողջ աշխարհում: Այդ միջադեպը միջազգային բողոքի ալիք է առաջացրել: