«Ոսկե ծիրան»-ը այս տարի եւս կներկայացնի լավագույն եվրոպական ֆիլմերը

«Ոսկե ծիրան - 2009»-ի կազմակերպիչների ասուլիսը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը տարիներ ի վեր համագործակցում է Հայաստանում գործող դեսպանությունների հետ, որոնց աջակցությամբ փառատոնին ներկայացվում են լավագույն եվրոպական ֆիլմերը:
Երեքշաբթի օրը կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը եւ Հայաստանում Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Լեհաստանի եւ ԱՄՆ-ի դեսպանությունների նեկայացուցիչները լրագրողներին ներկայացրին հուլիսի 12-ին մեկնարկող 6-րդ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում իրականացվելիք համատեղ ծրագրերը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Ժան-Պոլ Մարտենն ասաց, որ այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվի 7 ֆրանսիական ֆիլմ:

Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչ Թոմաս Միտնախտը շեշտեց, որ «Ոսկե ծիրան»-ը, որին ԱՄՆ-ի դեսպանությունը աջակցություն է ցուցաբերում արդեն 3-րդ տարին, շարունակում է միջազգային ուշադրություն գրավել: Միտնախտը տեղեկացրեց, որ այս տարի ամերիկացի 6 ռեժիսորներ են մասնակցելու փառատոնին,. նրանք կվարեն դասընթացներ, վարպետության դասեր:

Նրա համոզմամբ, «Ոսկե ծիրան»-ի կարեւորագույն ծրագրերից մեկը «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումն է, որը հնարավորություն է տալիս ռեժիսորներին ոչ միայն հանդիպելու, այլեւ՝ համատեղ աշխատելու:

Այս ծրագրի շրջանակում առաջիկա փառատոնին ներկայացվել է ավելի քան 40 ծրագիր՝ այդ թվում՝ հայ-թուրքական համատեղ կինոարտադրության մեկ ծրագիր:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հրավիրվել են արդյոք ադրբեջանցի կինոգործիչներ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը ասաց, թե իրենք ոչ միայն պատրաստ են համագործակցել, այլեւ ամեն տարի «Ոսկե ծիրան»-ին մասնակցելու հրավերներ են ուղարկում ադրբեջանցի գործընկերներին, բայց առայժմ որեւէ արձագանք չեն ստացել:

Լեհաստանի դեսպանության ներկայացուցիչ Կատարժինա Խորնեցկան ասաց, թե գոհ է, որ այս տարի լեհական ֆիլմերի ցուցադրությանը երկու օր է հատկացվում:

Այս տարի կշարունակվի նաեւ «Արաբական գիշերներ» ծրագիրը, որն ամեն երեկո կներկայացնի արաբ ռեժիսորների նկարահանած ֆիլմերը եւ այս տարի նվիրված է հիմնականում լիբանանյան կինոյին:

«Այս տարի մի քիչ ավելի մեծացավ ծրագիրը: Բացումը կատարվելու է լիբանանյան ֆիլմով «Կարամել» վերանգրով: Ունենալու ենք նաեւ լիբանանյան ռետրոսպեկտիվ՝ 1960-ականներից մինչեւ այսօրվա լավագույն ֆիլմերը»,- ասաց «Արեւելյան գիշերներ» ծրագրի ղեկավար Վրեժ Քասունին: