Ամփոփվեց «Աշխատանքի հավասար հնարավորություններ հաշմանդամ երիտասարդների համար» ծրագիրը

«Աշխատանքի հավասար հնարավորություններ հաշմանդամ երիտասարդների համար» ծրագիր շրջանակներում «Մարդկային արժանապատվություն եւ խաղաղություն» բարեգործական հիմնադրամը ուսումնասիրել է Երեւանի 3 համայնքների 60 գործատուների աշխատանքային իրավունքների մասին տեղեկացվածության մակարդակը, գործատուների կողմից կիրառվող աշխատանքային կանոնակարգում հաշմանդամների աշխատանքային իրավունքների վերաբերյալ դրույթների առկայությունը եւ այլն։
«Հարցումների արդյունքում պարզվել է, որ 60 կազմակերպություններից միայն 22-ում են աշխատում հաշմանդամներ, եւ նրանց թիվը կազմում է ընդհանուր աշխատակիցների ընդամենը 0,6 տոկոսը։ Գործատուները բոլորովին ծանոթ չեն հաշմանդամների աշխատանքային իրավունքներին», - ասաց հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տեր-Ղազարյանը։

Հիմնադրամի իրավաբան Անահիտ Աղաբեկյանի խոսքով, «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում նշված է, որ յուրաքանչյուր գործատու պետք է աշխատանքային տեղեր ունենա հաշմանդամների համար, սակայն այս դրույթը «մնացել է միայն թղթի վրա», մինչդեռ արտասահմանյան մի շարք երկրներում նույնիսկ գրված է, թե կազմակերպությունը քանի աշխատատեղ պետք է հատկացնի հաշմանդամների համար։

Զբաղվածության պետական ծառայության գործակալության ներկայացուցիչ Ցողիկ Բեժանյանը տեղեկացրեց, որ այսօր Հայաստանում կա շուրջ 160 000 հաշվառված հաշմանդամ, որոնց 62 տոկոսը աշխատանքային տարիքի են, սակայն աշխատում է նրանց ընդամենը 8 տոկոսը։