Դավիթ Հարությունյան. «Բանաձեւը իրավիճակի օբյեկտիվ գնահատականն է»

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ) գոհ է Վեհաժողովի վերջին՝ 1677 բանաձեւից՝ այն համարելով «իրավիճակի օբյեկտիվ գնահատական»:

«Մեզ հաջողվել է ունենալ շատ օբյեկտիվ բանաձեւ», - երեքշաբթի օրը լրագրողներին ասաց Հարությունյանը: - «Ես չեմ ընդունում այն գնահատականները, թե սա հաղթանակ է կամ պարտություն: Սա ոչ հաղթանակ է եւ ոչ էլ պարտություն: Սա իրավիճակի օբյեկտիվ գնահատականն է, սա առաջնահերթությունների սահմանում է, որոնց մենք պետք է հետեւենք»:

Հակադարձելով պնդումներին, թե պատվիրակությունը պարտվեց Ստրասբուրգում, քանի որ չիրականացան Հայաստանը մոնիտորինգից դուրս բերելու ակնկալիքները՝ Հարությունյանը նախ ասաց, թե ինքը նման ակնկալիքներ չի էլ ունեցել. - «11 երկիր գտնվում է մոնիտորինգի փուլում: Մոնիտորինգի փուլը երկարատեւ գործընթաց է. այն չի ավարտվելու ո'չ այսօր, ո'չ վաղը: Վստահ եմ, որ ո'չ մեկ, ո'չ էլ երկու տարի հետո: Ավելին՝ մոնիտորինգային գործընթացը ավարտելուց հետո սկսվում է հետմոնիտորինգային երկխոսությունը, որը իր բովանդակությամբ գրեթե նույնն է»:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը առանձնացրեց բանաձեւի այն դրույթները, որոնցով Վեհաժողովը ողջունում է Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, համաներման գործընթացը: Նա ընդծեց, որ ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնել Փաստահավաք խմբի լուծարման կապակցությամբ:

Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին, թե հայաստանյան պատվիրակությունն ու նրանց սպասարկող լրատվամիջոցներն իր դեմ արշավ սկսեցին, քանի որ ինքը տապալել մարտի 1-ի էջը փակելու՝ Դավիթ Հարությունյանի ծրագիրը, վերջինս ասաց. - «Տապալելու իմ աշխատանքը վեհաժողովում... Ինձ թվում է, դա ոչ միայն մեծամիտ է, այլ այստեղ, կարծես թե, կա ինչ-որ վեհության մոլուցք: Որովհետեւ ես չեմ հասկանում, թե ինչն է տապալված: Բացի մեկ առաջարկությունից, մեր բոլոր առաջարկությունները վեհաժողովի կողմից ընդունվել են, Զարուհի Փոստանջյանի եւ իր գործընկերների առաջարկությունները վեհաժողովի կողմից չեն ընդունվել»:

Կարծիք հայտնելով, թե Փոստանջյանն ուղղակի «ծուղակն է ընկել» եւ անթույլատրելի սխալ է գործել՝ հայատանյան պատվիրակության ղեկավարը հաստատեց, որ առաջարկների տակ ստորագրելու համար Փոստանջյանը նախ դիմել է իրենց, հետո մյուս` այդ թվում ադրբեջանցի ու թուրք պատվիրակներին: Բայց ինքը հրաժարվել է ստորագրել իր անունից, ոչ թե կոալիցիայի ներկայացուցիչների: Իր չստորագրելը Հարությունյանը բացատրեց հետեւյալ կերպ. - «Առաջարկում էր, որպեսզի գտնվեն իրավական միջոցներ բոլոր անձանց, ովքեր դատապարտվել են, ազատ արձակելու վերաբերյալ: Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ վեհաժողովը բազմիցս նշել է, որ խոսքը վերաբերում է միայն այն անձանց, ովքեր չեն կատարել բռնի հանցագործություններ: Ընդլայնել բացարձակ առումով այդ ձեւակերպումը, համարել եմ անընդունելի: Երկրորդը, ես չեմ համարում, որ փաստահավաք խումբը պետք է վերստեղծվի: Այսօր ժամանակն է, որ ժամանակավոր հանձնաժողովը, ստանալով փաստահավաք խմբի անդամների առանձին զեկույցները, ավարտի իր աշխատանքը: Ես դեմ եմ միջազգային փորձագետի ներգրավմանը այդ աշխատանքին, որովհետեւ բազմիցս աթիռ ունեցել եմ ուսումնասիրելու միջազգային փորձագետների ներգրավվածությունը նման հանձնաժողովներում եւ տեսել եմ, որ դա այդքան էլ արդյունավետ չէ»:

«Դաշնակցություն» խմբակցությունից ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը հաստատեց, որ Զարուհի Փոստանջյանը իրեն եւս մոտեցել է փաստաթուղթը ստորագրելու խնդրանքով, սակայն ինքը հրաժարվել է ստորագրել, որովհետեւ ինքը չի միանում «հընթացս նախաձեռնություններին»: Բացի այդ, ըստ Ռուստամյանի, Փոստանջյանի առաջարկները բովանդակային առումով նոր բան չեն ավելացնում բանաձեւի մեջ՝ «ըստ ըստ էության նույն բանն է, ձեւակերպումներն են տարբեր»:

Ռուստամյանը նույնպես դրական գնահատեց ԵԽԽՎ-ի բանաձեւը՝ նշելով, որ այն «նախորդ երեք բանաձեւերի շղթային շարունակությունն է», եւ իշխանությունները այս մեկուկես տարում բավարար քայլեր ձեռնարկել են՝ առաջընթաց արձանագրելու համար: