«Էքպերտների միավորում»-ը Հ1-ին ճանաչեց «Տհաճ եթեր» մրցանակաբաշխության հաղթող

«Էքսպերտների միավորում» կազմակերպությունը «Տհաճ եթեր» մրցանակաբաշխության հաղթող է ճանաչել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը (Հ1-ին):
Ներկայացնելով «Տհաճ եթեր» մրցանակաբաշխության արդյունքները` կազմակերպության նախագահ Նարեկ Մալյանը երկուշաբթի հայտարարեց, որ դիտարկումը կատարել են 110 փորձագետներ, ովքեր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի» ոտնահարման բազմաթիվ փաստեր են հայտնաբերել մոնիտորինգի ենթարկված բոլոր 17 ընկերությունների կողմից:

Այդուհանդերձ, կազմակերպությունը բաց քվեարկության արդյունքում որոշել է ամենատհաճ եթեր ունեցող հեռուստատեսություն ճանաչել Հ1-ին, որովհետեւ, ըստ Մալյանի. - «Հանրայինը ուղղակի պարտավոր է լավը ցույց տալ, որովհետեւ Հ1-ը հենց այն ուղենիշն է»:

«Էքսպերտների միավորում» կազմակերպության նախագահը մատնանշեց, որ պետական բյուջեից ստացված հատկացումների շնորհիվ Հանրային հեռուստաընկերության բյուջեն ավելին է, քան մոնիտորինգի ենթարկված մյուս բոլոր հեռուստատեսություններինը միասին վերցված: Հետեւաբար, Մալյանի կարծիքով, Հ1-ը «շուկայական հարաբերություններից կախված չէ» եւ պետք է ցուցադրի այնպիսի հեռուստահաղորդումներ, որոնք ինչ-որ կերպ նպաստում են հասարակության զարգացմանը:

«Միակ հեռուստաընկերությունը, որի նկատմամբ ոչ մի պրետենզիա գոյություն չունի, դա [մանկական] «Հայրենիք TV»-ն է եղել», - նշեց Մալյանը: