Փոստանջյանի առաջարկին միացել են ադրբեջանցի եւ թուրք պատգամավորները

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունում ընդդիմությունը ներկայացնող` «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի առաջարկների ներքո ստորագրել են նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները, ինչին բացասաբար արձագանքեցին հայաստանյան պատվիրակության այլ անդամները:
Հայաստանին վերաբերող բանաձեւի քվեարկությունից հետո Փոստանջյանի կազմակերպած ստորագրահավաքի կետերից մեկը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով դեռեւս անազատության մեջ գտնվող անձանց, այդ թվում Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանին ազատ արձակելու համար այլ իրավական միջոցներ կիրառելուն է վերաբերում:

Զարուհի Փոստանջյանի առաջարկների ներքո ստորագրել են նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչ Գյուլթաքին Հաջիեւան եւ Թուրքիայի պատվիրակ Էրոլ Ասլան Չեբեչին, եւ սա առաջին նման դեպքն է:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Իշխանություն լինես, թե ընդդիմություն, դու պիտի լինես քո երկրի պատրիոտը, ամեն դեպքում առաջին հարթության վրա պիտի լինի քո երկրի շահը: Ցավոք սրտի, պիտի արձանագրեմ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդդիմության ներկայացուցիչ տիկին Փոստանջյանը դե ֆակտո իրեն պահեց որպես ադրբեջանական պատվիրակության լիիրավ անդամ, ինչը, ի դեպ, բավական ակտիվ, մեծ գոհունակությամբ արձանագրեցին հենց ադրբեջանական պատվիրակության որոշ անդամները»:

Ինքը` Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե չի՞ կարծում, որ կարող է շահարկումների տեղիք տալ իր նախաձեռնության ներքո այդ երկրների պատվիրակների ստորագրելը, պատասխանեց. - «Չեմ կարծում, որովհետեւ իմ առաջարկը այնպիսին է եղել, որը կարող է մեր ժողովրդի համար միայն ու միայն առաջընթաց ենթադրել, քանի որ իմ առաջարկներից մեկը վերաբերում էր այն անձանց, ովքեր հիմա գտնվում են բանտախցերում, եւ նրանց ազատ արձակելու համար այլ իրավական միջոցներ նույնպես պետք է օգտագործվեն: Հաջորդ առաջարկը վերաբերում էր Փաստահավաք խմբին: Որքան շատ մարդ միանա այս առաջարկներին` անկախ նրանից, որ ազգի ներկայացուցիչներ են, այնքան հետագայում դրանք Մոնիտորինգի հանձնաժողովում կարող են պաշտպանություն ունենալ»:

Չորեքշաբթի օրը շրջանառության մեջ է դրվել նաեւ Զարուհի Փոստանջյանի մեկ այլ նախաձեռնություն, որով Վեհաժողովին առաջարկվում է հատուկ զեկուցող նշանակել մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ զոհված 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտմանը օժանդակելու նպատակով: Նախաձեռնությանը միացել են 11 այլ պատվիրակներ` Կիպրոսից, Սլովակիայից, Գերմանիայից, Շվեդիայից եւ այլ երկրներից. Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներ այս ցանկում չկան: