Հովիկ Աբրահամյան. «Համաներումը մեր քրիստոնեական հավատից բխող քայլ է»

Շուրջ երկու տասնյակ կալանավորված ընդդիմադիրներ ազատ արձակվեցին հունիսի 19-ին ընդունված համաներման արդյունքում։ Ընդդիմությունը, սակայն, քննադատում է համաներման գործընթացը, հայտարարելով, որ 2008 թվականի հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված 50-ից ավելի ընդդիմադիրներին հարկավոր է «արդարացնել»՝ «ներելու» կամ «համաներելու» փոխարեն:

Խորհրդարանում համաներման մասին որոշման քննարկումների ժամանակ ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե համաներումն ունի «թե՛ մարդասիրական, թե՛ քաղաքական նշանակություն»։

«Համաներումը մեր քրիստոնեական հավատից բխող քայլ է», – ասել էր Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով համաներման նշանակությունը Հայաստանի «ներքին խնդիրների լուծման եւ երկրում լարվածության թուլացման» առումով։

Այդուհանդերձ, ներքաղաքական կյանքում զարգացումները չեն վկայում երկրում լարվածության թուլացման մասին։ Ավելին, ընդդիմությունը հուլիսի 2-ին պատրաստվում է հանրահավաք անցկացնել` ազատ արձակվածների մասնակցությամբ։

Միեւնույն ժամանակ, վերլուծաբանները նկատում են, որ «ներքին խնդիրների լուծմանն» ուղղված համաներման որոշումը ընդունվեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունիսյան նստաշրջանի նախաշեմին, իսկ առաջին ընդդիմադիրներն ազատ արձակվեցին ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով զեկույցից ժամեր առաջ, ինչի արդյունքում, թերեւս, հանձնաժողովը հնչեցրեց հետեւյալ գնահատականը. - «Առաջընթաց կա, որը պայմանավորված է իրականացված համաներմամբ»: