Ջեյմս Սթայնբերգ. «ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Վրաստանին»

Երեկ Վաշինգտոնում հանդիպել են Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգն ու Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
Նախնական պայմանավորվածության համաձայն, Վաշաձեին պետք է ընդուներ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, սակայն, ինչպես հայտնի է, նա օրերս արմունկն է կոտրել եւ հիմա կազդուրվում է: Այդ հանդիպումն առաջինն էր ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական համագործակցության խարտիան այս տարվա հունվարի 9-ին Վաշինգտոնում կնքելուց հետո:

«Մեր աշխատանքային խմբերը քննարկել են վրաց-ամերիկյան հարաբերությունների լայն շրջանակ՝ տնտեսության, պաշտպանության, անվտանգության, դեմոկրատիայի եւ այլ հարցեր: Այդ հանդիպումները վկայում են, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս Վրաստանի հետ խարտիային եւ խորացնում ենք մեր ռազմավարական համագործակցությունը», - ասել է փոխպետքարտուղար Սթայնբերգը:

Խարտիան Թբիլիսիում համարում են բացառիկ եւ «պատմական» փաստաթուղթ, որով Վաշինգտոնն իր միանշանակ աջակցությունն է հայտնել Վրաստանին: Ոմանք այն նույնիսկ փորձել են ներկայացնել իբրեւ ՆԱՏՕ-ին արագ կարգով անդամակցելու հնարավորություն ընձեռող «երաշխավորագիր» այն բանից հետո, երբ 2008-ի ապրիլին Բուխարեստում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, ապա դեկտեմբերին Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ժողովում չհաջողվեց համաձանեցնել Վրաստանին անդամակցության գործողության ծրագիր (Membership Action Plan) շնորհելու հարցը:

Երեկվա ասուլիսում Սթայնբերգն ասաց, որ Միացյալ Նահանգներն սատարում է Վրաստանի տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներին եւ դրա ապացույցն է այն, որ Կոնգրեսը հավանություն է տվել Վրաստանին մեկ միլոիարդ դոլարի աջակցության նախագծին: Փոխպետքարտուղարը նաեւ շնորհակալություն է հայտնել Վրաստանին Իրաքում եւ Աֆղանստանում արեւմտյան ուժերին օգնելու համար:

«Մեր հանդիպումներում մենք այսօր վերահաստատել ենք, որ վճռականորեն աջակցում ենք Վրաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը: Մենք շարունակելու ենք Վրաստանին օգնել արհեստավարժ բանակ կայացնելու հարցում, քանի որ Վրաստանը ներդրում ունի կոալիցիայի գործողություններում եւ բարեփոխումներ է իրականացնում ՆԱՏՕ-ի անդամակցությանը հասնելու համար: Վրաստանը նախկինում արժեքավոր մասնակցություն է բերել Իրաքում, եւ մենք հատկապես երախտապարտ ենք Աֆղանստանում դա շարունակելու Վրաստանի որոշման համար», - ասել է Սթայնբերգը:

Վրաստանի արտգործնախարարը մեծ ոգեւորությամբ է խոսել երեկվա բանակցությունների մասին:

«Սա պատմական օր է Վրաստանի համար, ինչպես այն օրը, երբ մենք կնքեցինք այդ բացառիկ խարտիան, որը անկախություն հռչակելուց ի վեր ամենակարեւոր փաստաթուղթն է մեր պատմության ընթացքում», - ասել է Վաշաձեն:

Հունիսի 27-ից 28-ը Հունաստանում՝ Կորֆու կղզում տեղի կունենան ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի, ապա ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստերը, եւ քանի որ Հիլարի Քլինթոնը շարունակելու է բուժումը, Միացյալ Նահանգները կներկայացնի Ջեյմս Սթայնբերգը: Կորֆուում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը կլինի առաջինը 2008-ի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո: