Դավիթ Շահնազարյան. - «Իշխանությունները քաղաքական ճգնաժամը քաղաքական մեթոդներով վերացնելու որեւէ միտում չունեն»

Հայ ազգային կոնգրեսի անդամներից Դավիթ Շահնազարյանի խոսքով, իշխանությունների հայտարարած համաներումը դրական արձագանք չի ստացել ընդդիմադիրների կողմից:
Ընդդիմադիր գործչի բնութագրմամբ, համաներումը ոչ միայն չի նպաստի Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, այլեւ է'լ ավելի կխորացնի այն: Քանի որ, ինչպես լրագրողների հետ հանդիպմանը փաստարկեց նա՝ իշխանությունները «քաղաքական ճգնաժամը քաղաքական մեթոդներով վերացնելու որեւէ միտում չունեն»:

Համաներմանը բացասական գնահատական է տալիս նաեւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ում գնահատմամբ՝ համաներումը ի վիճակի չէ լուծել այն խնդիրները, որոնք առկա են այսօր Հայաստանի քաղաքական դաշտում:

«Այդ համաներումը հնարավորություն կընձեռեր իսկապես պատեր քանդելու ինչ-որ գործընթացներ սկսել եւ իսկապես մի նոր էջից քաղաքական դաշտը զարգացնելու քայլեր կատարել, բայց, ցավոք սրտի, այդ ամենը տեղի չունեցավ, եւ հերթական անգամ ընդամենը մենք տեսանք քաղաքական սառը հաշվարկի վրա իրականացված համաներում», - ասաց Մարտիրոսյանը: - «Ես միաժամանակ կարծում եմ նաեւ, որ այս համաներումով մարտի 1-ի էջը երբեւիցե փակված չի կարելի համարել, որովհետեւ մարտի 1-ի էջը, ինչպես եւ հոկտեմբերի 27-ը հնարավոր է փակված համարել միայն դրանց լիակատար բացահայտման արդյունքում»:

Հայաստանի հանրապետական կուսակցությունում լիովին այլ կարծիքի են: Կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ համաներումը միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի քաղաքական, հասարակական կյանքի վրա:

«Համաներումը արդեն իսկ հրապարակման պահից, եւ արդեն երեկ դրական ազդեցություն է ունեցել, որովհետեւ Հայաստանի նորագույն պատմությանն մեջ դա ամենալայն համաներումն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շարմազանովը: