Հունիսի 23-ի մամուլ

«Առավոտ»-ի խմբագրականը այսօր գրել է Րաֆֆի Հովհաննիսյանը. - «Այն, որ ի հեճուկս համաներման արարի, մեր երկրում օրենքի թերիշխանության եւ իրավունքների անհավասարության պարտադրանքով հարատեւելու է համոզմունքների համար կալանավորված քաղաքացիներ ունենալու հակահայկական խարանը՝ հետխորհրդային Հայաստանի ողջ հետագծով ապացուցված ու արդեն կայացած իրողություն է: Արդարամտության ու ճշմարտասիրության, միասնության ու ազգային շահի մասին գեղեցկակազմ նախադասությունները ի զորու չեն՝ սքողելու համար այս բյուրեղյա ինքնաճանաչումը: Մարտի 1-ի համապետական ողբերգության փաստապարտակ դիպաշարը շարքային քաղաքացու աչքի առջեւ է եւ՝ նրան ուղղված անարգանք ու քամահրանք: Ոչ մեկը պակաս չէ Հայաստանի երեք նախագահներից, եւ հենց նրանք են, ում հարկ է իրենց այդ օրերի արարքների ու գործողությունների մասին վկայություն տալ հայ ժողովրդին: Ընտրությունից ընտրություն տեր հռչակվող «ժողովուրդը» պարտական չէ ոչ մեկին, ոչ էլ սերունդները՝ պատանդ, այլ իր ղեկավարների նախավերջին հաշվետերը՝ մինչեւ Աստված»:

lragir.am-ը գրում է. - «Համաներումը փաստացի Հայաստանում բաց է թողնում արդարադատության խնդիրը: Համաներումը արդարադատություն չէ: Եթե նույնիսկ հավատանք, որ այն բարի կամք է, ապա միեւնույն է, արդարադատության խնդիրը մնում է բաց: Բանն այն չէ, որ քաղբանտարկյալները ազատվում են: Խնդիրն այն է, թե ինչու կային նրանք: Համաներումը չի տալիս այդ ինչուի պատասխանը, չի լուծում այդ ինչուի խնդիրը: Քաղբանտարկյալները թվաբանություն չեն: Նրանք կամ կան, կամ չկան: Եթե նույնիսկ կա գեթ մեկ քաղբանտարկյալ, դա արդեն իսկ խնդիր է պետության համար, եւ այդ խնդիրը շատ ու քչով չի որոշվում կամ որակվում: Դրանից բացի, համաներումը, համենայն դեպս այն ամբողջական մթնոլորտի տրամաբանությամբ, որում ընդունվեց, ենթադրում է, որ չլուծված է մնում մարտի 1-ի խնդիրը, այդ օրը զոհերի համար պատասխանատվության, մեղավորների հայտնաբերման եւ պատժման խնդիրը»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ այս հարցերի մասին զրուցել է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Նա ասում է. - «Համաներում հայտարարելուց անմիջապես հետո արմատականների ուղեղային կենտրոնը, իրենց սպասարկող մամուլի ու լրատվության այլ միջոցների օգնությամբ, իսկույն պայքար սկսեց մարդասիրական ու իրավական այս ակտի դեմ։ Ամեն կերպ ու բոլոր հնարքներով փորձ է արվում նսեմացնել, խեղաթյուրել համաներումից ակնկալվող հասարակական արդյունքը եւ դրա նշանակությունը։ Միշտ եմ հավատացած եղել եւ այդ մասին պարբերաբար արտահայտվել, որ արմատականների առաջնորդները երբեք էլ չեն ցանկանա, որ իրենց հավակնությունների պատճառով ազատազրկված անձինք ազատության մեջ հայտնվեն։ Նրանց տուժածներ, դժգոհներ, նահատակներ են հարկավոր, այլապես չեն ունենա հետեւորդներ ու կողմնակիցներ եւ չեն կարողանա իրենց հավակնությունների համար պայքարը շարունակել»։

«ժամանակ»-ը գրում է. - «Ղարաբաղում տեղի ունեցած տնտեսական ֆորումի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե, հաշվի առնելով Արցախի համահայկական նշանակությունը, Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ Ղարաբաղում տնտեսության զարգացման տեմպը եւ կենսամակարդակը ավելի բարձր լինեն, քան Հայաստանում: Մինչդեռ, տրամաբանությունը հուշում է, որ Ղարաբաղը ավելի ամուր եւ հուսալի է՝ եթե ամուր եւ հուսալի է Հայաստանը: Գնահատելի է այն հոր անձնվիրությունը, որն ինքը չի ուտում, այլ ուտելիքը տալիս է երեխաներին: Սակայն դա ամենեւին էլ առողջ իրողություն չէ, քանի որ երեխաների պաշտպանը առողջ եւ ամուր հայրն է: Հետեւաբար ճիշտ է այն, որ հայրը երեխաներին չկերակրի իր հաշվին, այլ լինի «կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն»: Իսկ Տիգրան Սարգսյանի խոսքի դեպքում անկարողությունը երեւում է ակնհայտորեն: Քանի որ չեն կարողանում զարգացնել Հայաստանը, քանի որ Հայաստանը գահավիժում է իշխանության վարած տնտեսական քաղաքականության, ինչպես նաեւ ընդհանրապես կառավարության ամենակեր տրամաբանության հետեւանքով, պետք է ելքը որոնել Արցախի մեջ»:

«Ազգ»-ի մեկնաբանը գրում է. - «Հունիսի 24-ին սպասվելիք ԵԽԽՎ լիագումար նիստին Հայաստանի հարցի լսումը հազիվ թե պրոբլեմներ առաջացնի, քանի որ արդեն իսկ Երեւանում Պրեսկոտի եւ Կոլոմբիեի պահվածքն էր հուշում` Հայաստանի իշխանության ձեռնարկած քայլերից շատերը եվրոպացիների սրտով են, եւ նրանք չեն ուզենա Հայաստանին զրկել հետագա բնականոն ճանապարհ անցնելու հնարավորությունից: Իսկ թե Հայաստանն առայժմ կմնա՞ մոնիտորինգի տակ` դա արդեն երկրորդական է, խնդիր չի լինելու, գոնե առայժմ, որովհետեւ քանի դեռ ուժեղ ընդդիմություն չի ձեւավորվել, ոչ ոք իշխանությունից հաշիվ չի պահանջելու, եվրոպացիների անդորրն էլ խանգարող չի լինելու: Անգամ նրանից, որ այս անգամ Հայաստանի պատվիրակության հետ Ստրասբուրգ է մեկնում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ցույց է տալիս, որ Ստրասբուրգում ոչ մի վատ բան չի լինելու, քանի որ նա սովորաբար հայտնվում է այնտեղ, կամ ԱԺ-ում ելույթ է ունենում այն ժամանակ միայն, երբ դրական ելքի սպասումը 95 տոկոսանոց է»: