Րաֆֆի Հովհաննիսյան. «Համաներումը անհրաժեշտ քայլ է, բայց ոչ բավարար»

Համաներումը անհրաժեշտ քայլ է, բայց բավարար չէ մարտի 1-2-ի դեպքերը բացահայտելու համար: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Համաներումը, ցավոք սրտի, արդեն դարձել է շաբլոնային առաջադրանք, օրիգինալ միտք չէ, իհարկե: Բայց «Ժառանգություն»-ը անցյալ տարի` արդեն ապրիլ-մայիսից, նաեւ իմ շուրթերով ուղղակի նախագահական խորհրդակցության ժամանակ բարձրաձայնել է համաներման անհրաժեշտությունը, եւ մենք տեսել ենք, թե ինչպես այդ հրամայականը, որ եղել է ի սկզբանե` անհանդուրժողականության գեղեցիկ արտասանված պատերը քանդելու համար, հասարակությունը իր ճգնաժամով հանդերձ հանգուցալուծելու համար, ենթարկվել է խեղման, եւ տարբեր հետաձգումներով, չարաբանություններով, Եվրախորհրդի եւ տեղական այլ ժամանակացույցերով հասել ենք այսօր այստեղ», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` ընդգծելով. - «Համաներումը ինքնին անհրաժեշտ քայլ է, բայց ոչ բավարար` բացահայտելու համար «Մարտի 1»-ը: Իսկ «Մարտի 1»-ը անհրաժեշտ է, որ բացահայտվի, եւ Փաստահավաք խումբ փակելով չէ, որ դրան կհասնենք»:

«Ժառանգություն»-ը խիստ անհրաժեշտ է համարում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի վերակազմավորումը: «Եթե իսկապես պարոն նախագահը, որը ուզում է իր սեփական խոսքերը, իր արտասանած ճառերը ի կատար ածվեն, ինքը պետք է վերաստանձնի այդ պարտավորությունը, եւ վերակազմավորվի Փաստահավաք խումբը: Եթե չվերակազմավորվի Փաստահավաք խումբը` այդ քաղաքական օրակարգը, այդ քաղաքական շահադիտականությունը բնակվում է նախագահական նստավայրում», - հայտարարեց ընդդիմադիր կուսակցության հիմնադիրը:

Փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցվել է նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 6-ի կարգադրությամբ:

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, մարտի 1-2-ի դեպքերի բացահայտումը տեղի չի ունենա, եթե վկայություն տալու համար չկանչվեն այն անձինք, ովքեր այդ դեպքերի «գլխավոր դերակատարներն են»` «Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, իր թիկնազորի պետը, մարտի 1-2-ի գործող վարչապետը, արտգործնախարարը, Ազգային անվտանգության պետը, պաշտպանության եւ հարակից այլ նախարարներ, ինչպես նաեւ Հայաստանի առաջին նախագահը»: