Հետաձգվեց Սասուն Միքայելյանի դատավճռի հրապարակումը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հինգշաբթի օրը մինչեւ հունիսի 22-ը հետաձգեց Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի դատավճռի հրապարակումը։
Դատավոր Հրայր Սարգսյանը դատավճռի հրապարակումը հետաձգելու որոշումը պատճառաբանեց Սասուն Միքայելյանի բացակայությամբ, ով առողջության հետ կապված խնդիրների պատճառով դատարան չէր բերվել։

«Վերջին պահին հանկարծ մտածել են՝ օրենքի խախտում հանկարծ թույլ չտան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դատավորի փաստարկին արձագանքեց Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը` նկատի ունենալով դատավարության ընթացքում իր պաշտպանյալի` ցուցմունք տալու, պաշտպանական ճառով, վերջին խոսքով հանդես գալու անտեսված իրավունքները։

Նախքան դատավճռի հրապարակման վերաբերյալ տեղեկատվություն ստանալը, Սասուն Միքայելյանի դատավարությանը հետեողները` հիմնականում Հրազդանից եւ հարակից բնակավայրերից, վերլուծում էին դատաքննության ընթացքը եւ ծրագրում անարդար դատավճռի դեպքում իրենց անելիքները:

«Մենք էլ նամուս, թասիբ ունենանք, սաղ գեղով կանգնելու ենք, լրիվ ճամփեքը փակելու ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից մեկը:

«Մենք խոսք ենք տալիս», - հավելեց միջին տարիքի մի կին. - «Ծաղկաձորի բոլոր ճանապարհները կփակենք՝ եթե արդար դատ չանենք, եթե բոլոր ազատամարտիկ քաղբանտարկյալներին բաց չթողնեն»:

Պետական մեղադրողը, հիշեցնենք, միջնորդել է Սասուն Միքայելյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման (զանգվածային անկարգություն կազմակերպելու եւ ապօրինի զենք ու զինամթերք կրելու մեղադրանքով):

Հունիսի 22-ին, ի դեպ, հրապարակվելու են նաեւ հետընտրական զարգացումների կապակցությամբ կալանավորված Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, ինչպես նաեւ Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործերով դատավճիռները: