Սիրիան պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կայունացմանը

Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար Ալ-Ասադի համատեղ ասուլիսը, Երեւան, 7-ը հունիսի, 2009 թ.

«Սիրիայում գոհունակությամբ ընդունեցին այն քայլերը, որոնք ուղղված են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը», - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում չորեքշաբթի օրը հայտարարեց Բաշար ալ Ասադը։ - «Ես Հայաստանի նախագահին փոխանցեցի. մենք պատրաստ ենք օգնելու, որպեսզի այդ հարաբերություններում առաջընթաց լինի։ Եվ դա՝ ելնելով այն հանգամանքից, որ սերտ հարաբերություններ գոյություն ունեն մի կողմից Սիրիայի եւ Հայաստանի, մյուս կողմից` Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ»։

Նշելով, թե առանձնազրույցի ընթացքում քննարկվել է ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ Սիրիայի նախագահը ասաց, որ լսել է Սերժ Սարգսյանի կարծիքը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ:

«Իհարկե, հարցը խրթին է, բայց մենք կուզենայինք, որ ավելի չբարդանա, քանի որ մերձավորարեւելյան մեր փորձից գիտենք, որ այդ դեպքում հարցն ավելի է բարդանում, լուծումն էլ դժվարանում է։ Եկող ամիս ես այցելելու եմ Ադրբեջան, եւ նախքան գնալս կուզենայի իմանալ մանրամասները եւ Հայաստանի նախագահի տեսակետն այս հարցում», - շեշտեց Բաշար Ալ-Ասադը։

Հակամարտությունների համատեքստում Սիրիայի նախագահը անդրադարձավ նաեւ Մերձավոր Արեւելքի խնդրին՝ ասելով, թե ինքը Իսրայելում չի տեսնում գործընկեր, որի հետ հնարավոր լինի բանակցել. - «Մենք այդպիսի գործընկեր չենք տեսնում նաեւ մոտ ապագայում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք խաղաղության գործընթացը։ Եվ երբ այդպիսի գործընկեր լինի իրոք, ապա խաղաղության գործընթացը առաջ կընթանա, եւ խաղաղությունը, կարելի է ասել, պատրաստ կլինի եւ կմնա միայն, որ մենք առաջնորդենք»:

Պաշտոնական այցը ընթացքում Բաշար Ալ-Ասադի այցելություն Ծիծեռնակաբերդ` Հայոց եղեռնի հուշահամալիր, նախատեսված չէ։

Սիրիայի նախագահը այսօր խոսեց նաեւ տեղի հայ համայնքի մասին՝ նշելով, թե սիրիահայությունը գաղութ չէ, այլ «Սիրիայի քաղաքացիներ են, որոնք ինտեգրվել են մեր կյանքին, մշակույթին, սակայն միաժամանակ պահել են ազգային նկարագիրն ու մշակույթը»։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասուլիսում շեշտեց, թե հայ ժողովրդի զգալի մասը Ցեղասպանությունից ազատվել է Սիրիայի օգնությամբ՝ ապաստան գտնելով այդ երկրում։ Սերժ Սարգսյանը նույնիսկ հիշեց, որ Սիրիայի նախկին նախագահ Հավեզ Ալ-Ասադը մոտ 30 տարի առաջ ասել էր՝ «Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է»։

«Մեր բարեկամությունը լավ օրինակ է, եւ այս օրինակը պետք է ի ցույց դնել, ցուցանել ե'ւ մեր ժողովուրդներին, ե'ւ այլոց, որ մենք կարող ենք ոչ միայն իրար փոխլրացնել, ոչ միայն միասին նորմալ ապրել, այլ` միասին զարգանալ», - հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ շարունակելով. - «Իսկ միասին զարգանալ, նշանակում է ապրել խաղաղ միջավայրում, համագործակցել, անշուշտ, նաեւ ներդրումների բնագավառում, առեւտրի, տնտեսության բնագավառում»:

Ըստ Հայաստանի նախագահի, տնտեսական հարաբերությունների խորացման գործում խոչընդոտ է ցամաքային կապի բացակայությունը, եւ կողմերը կաշխատեն, որպեսզի առաջիկայում գործարարները այդ հնարավորությունը ունենան:

«Մենք պարոն նախագահի հետ պայմանավորվեցինք, որ հաջորդ հանդիպման ժամանակ միջկառավարական հանձնաժողովների նախագահները պետք է ասեն, թե այդ ժամանակաշրջանում ինչ պայմանագրեր ենք ստորագրելու, եւ ինչքանով է ավելացել մեր ապրանքաշրջանառությունը», - հավելեց Սերժ Սարգսյանը:

Սիրիայի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում այսօր ստորագրվեց երկու միջկառավարական համաձայնագիր, իսկ վաղը Սերժ Սարգսյանի եւ Բաշար Ալ-Ասադի մասնակցությամբ կմեկնարկի հայ-սիրիական բիզնես-ֆորումը։