«Նաիրիտը» 4 զոհված աշխատակիցների ընտանիքներին փոխահատուցում կվճարի

Հայաստան -- Պայթյուն «Նաիրիտում», արխիվ, 14-ը մայիսի, 2009 թ.

«Նաիրիտ» գործարան փակ բաժնետիրական ընկերությունը որոշել է փոխհատուցում տրամադրել մայիսի 14-ին քիմիական գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած պայթյունից զոհված 4 աշխատակիցների ընտանիքներին:

«Նաիրիտ» քիմիական գործարանի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Յուրաքանչյուր ամիս մենք վճարելու ենք մեր աշխատակիցների ընտանիքներին առաջիկա 5 տարվա ընթացքում նրանց միջին ամսական աշխատավարձը»:

Պայթյունից տուժել է ոչ միայն «Նաիրիտ» քիմիական գործարանը, այլեւ գործարանի հարեւանությամբ գտնվող մի շարք կառույցներ եւ ավտոմեքենաներ: Մելքոնյանը նշեց, որ այդ բոլոր վնասները պետք է փոխահատուցվեն:

«Հաշվեկշռային արժեքներով գումարը չի գերազանցում 20 միլիոն դրամը, այնինչ շուկայական արժեքներով հաշվված այդ վնասները մոտավորապես կազմում են 200 հազար դոլար (շուրջ 74 միլիոն դրամ)», - նշեց «Նաիրիտի» գլխավոր տնօրենը:

Անդրադառնալով պայթյունի պատճառներին, Մելքոնյանը նշեց, որ գործարանի մասնագիտական հանձնաժողովը այդ մասին վերջնական եզրակացություն դեռեւս չունի:

«Պայթյունը տեղի է ունեցել այն սարքավորման կափարիչի մեջ, որը ամենաանվտանգ տեղն է եղել այդ համակարգում: Դա խոսում է այն մասին, որ բնականոն ձեւով այդպիսի բան չէր կարող տեղի ունենալ: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ պահին, մեծ հավանականությամբ, այդտեղ կատարվել են աշխատանքներ: Դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ 4 հոգով հայտնվել են նույն հարթակում. դա ոչ մի ռեգլամենտով նախատեսված չէ: Չկա այնպիսի պաշտոնական պարտականություն, որ 4 մասնագետներ նույն պահին հայտնվեն հարթակում նույն պահին: Ուրեմն` եղել է վթարային ինչ-որ վիճակ», - նշեց «Նաիրիտի» գլխավոր տնօրենը:

Վահան Մելքոնյանի կարծիքով մոտ 200 հազար դոլար կպահանջվի պայթյունից տուժած քլորոպրենի արտադրամասը վերագործարկելու համար։ Հունիսի 16-ին մեկնարկել են արտադրամասի վերականգնման աշխատանքները: Սպասվում է, որ այն կվերագործարկվի օգոստոսի սկզբին: