Նշանակվեցին Երեւանի վարչական շրջանների ղեկավարները. Ալբերտ Երիցյանը այլեւս չի ղեկավարի Արաբկիրը

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որոշումներով նշանակվել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները:
Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` նոր ղեկավարներ են նշանակվել 12 վարչական շրջաններից 3-ում` Արաբկիրում, Ավանում եւ Կենտրոնում:

Ալբերտ Երիցյանի փոխարեն, ով Արաբկիրի համայնքապետ էր ընտրվել անցած տարվա սեպտեմբերին, տվյալ վարչական շրջանը ղեկավարելու է Համլետ Մարգարյանը:

Ավանի նախկին թաղապետ Տարոն Մարգարյանի փոխարեն, ով մայիսի 31-ի ընտրությունների արդյունքներով զբաղեցնում է Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը, այդ վարչական շրջանը կղեկավարի Մանվել Ջավադյանը:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Գագիկ Գյանջումյանը. այդ համայնքը մինչ այս տարվա մարտին Երեւանի քաղաքապետ նշանակվելը ղեկավարում էր Գագիկ Բեգլարյանը: