Վերջին խոսքով հանդես եկան Արզումանյանը եւ Սիրունյանը

Չորեքշաբթի օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վերջին խոսքով հանդես եկան 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սուրեն Սիրունյանը եւ Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգությունների կազմակերպելու մեջ:

«Ոչ միայն մեր, այլեւ անազատության մեջ գտնվող մեր մյուս ընկերների քրեական գործերում դատարանը հիմնականում առաջնորդվեց վկաների սուտ ցուցմունքների, մեղադրող կողմի ներկայացրած ոչ ճիշտ փաստերի վրա», - իր վերջին խոսքում հայտարարեց Սիրունյանը:

Դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ Սուրեն Սիրունյանը ասաց, որ դատարանից արդարացում չի խնդրում, քանի որ «դատավորն էլ անկաշկանդ չէ» - «Եթե ես վստահ լինեի, որ դուք ձեր գործունեության մեջ կլինեիք անկաշկանդ, ինձ համար ամոթ չէր լինի դատարանից արդարադատություն խնդրել»:

«Ես հպարտ եմ իմ արարքների համար», - ասաց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: - «Ես երբեւէ որեւէ բան չեմ արել, որի համար պետք է զղջամ… Քանի որ ամեն վերջ ինչ-որ բանի սկիզբ է, ես իմ անձի անունից ներում եմ շնորհում բոլոր նրանց, ովքեր դրսեւորել են թշնամանք, դավաճանություն, ով կեղծ ցուցմունք է տվել, գործ է սարքել իմ վրա: Ես՝ որպես հայ քրիստոնյա, ներում եմ ձեզ»:

«Մնացածին, ով իրագործել է մարտիմեկյան սպանդը, ով ձեռք է բարձրացրել խաղաղ ժողովրդի վրա, ես չեմ, որ պետք է ներեմ», - եզրափակեց նա:

Դատավճիռը կհրապարակվի հունիսի 22-ին: Մեղադրող կողմը, հիշեցնենք, պահանջել է Ալեքսանդր Արզումանյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման, իսկ Սուրեն Սիրունյանին` 5 տարվա ազատազրկման: