Հունիսի 13-ի մամուլ

«Չորրորդ իշխանություն»-ը զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր, Երեւանի ավագնու ընտրություններին Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ Հարություն Փամբուկյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Դուք ի՞նչ կանխատեսում ունեք, մեր երկրում սպասվելիք հաջորդ ընտրությունները ե՞ւս կընթանան այն սցենարով ու մեթոդներով, ինչպիսին եղան Երեւանի ավագանու ընտրությունները: Նկատի ունեմ լցոնումները, որոնք արձանագրվել են շատ ու շատ ընտրատեղամասերում»: Պատասխան. - «Բայց ընդհանրապես չի կարելի նման բան ասել ամբողջ ընտրական գործընթացի վերաբերյալ, որովհետեւ ե՛ւ միջազգային դիտորդները, ե՛ւ, ինչեւ չէ, տեղական դիտորդները, ե՛ւ, ինչու ոչ, հասարակության ջախջախիչ մեծամասնությունը չեն գնահատում անպես, ինչպես Դուք եք տալիս հարցը: Նմանատիպ բան, լցոնումներ պարզապես գոյություն չունեն»: Հարց. - «Լցոնումներ չե՞ն եղել»: Պատասխան. - «Ոչ»: Հարց. - «Իսկ ընտրակաշառքի դեպքե՞ր: Դրա մասին էլ չեք լսե՞լ»: Պատասխան. - «Մենք հատուկ թեժ գիծ էինք պատրաստել, արագ արձագանքման խումբ էինք պատրաստել եւ ստացել էինք մի շարք ազդանշաններ` երբեմն եղել ենք տեղերում, անմիջապես հայտնել ենք համապատասխան մարմիններին, որոնք պետք է զբաղվեին այդ հարցերով: Ինչքան ես տեղյակ եմ, նմանատիպ հարցերի հաստատում չի եղել»:

«Առավոտ»-ը զրուցել է Ժուռնալիստների միության նախագահ, Հանրային խորհրդի եւ Երեւանի ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Նկատենք, որ դառնալով Երեւանի ավագանու անդամ, Դուք, լինելով Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը, վերցրեցիք մի մանդատ, որը տրվեց նաեւ ժուռնալիստներին ծեծի ենթարկելու գնով: Որքանո՞վ է դա համահունչ լրագրողների նկատմամբ բռնարարքները դատապարտողի կեցվածքին»: Պատասխան. - «Երբ ես համաձայնվեցի առաջադրվել Երեւանի ավագանու թեկնածու, բնավ չեմ մտածել ոչ Գոհար Վեզիրյանի մասին, ոչ էլ նրան ծեծողների: Մասնավոր հարցերի մասին ես չեմ մտածել: Ես ունեցել եմ միայմ մեկ նպատակ. Շատ սիրելով իմ հարազատ քաղաքը եւ բազմաթիվ հարցերի շուրջ ունենալով քննադատական հայացք` ցանկացել եմ ավագանու կազմում ընդգրկվելով` ավելի մոտ լինել դրանց քննարկմանը եւ իմ ներդրումն ունենալ այդ հարցերի լուծման մեջ: Իմ նպատակը մեկն է` աշխատել հանուն Երեւան քաղաքի»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Մայիսի 31-ի ընտրություններից հետո, երբ ընտրակեղծիքների առատությունը սրեց քաղաքական վիճակը երկրում, թվում էր` եկել է համառ պայքարի փուլը, գործող ընդդիմությունը` հանձին Հայ ազգային կոնգրեսի, բոյկոտեց ավագանու անդամությունը եւ մինչեւ սեպտեմբերի 18-ը Մեծ ընդմիջում է հայտարարում: Անհասկանալի պահվածք: Չէ՞ որ քաղաքական պայքարն, ըստ էության, 2 տեսակի է լինում` կոշտ, փողոցային պայքար, որտեղ ներառելի են նաեւ բոյկոտն ու քաղաքական անհնազանդությունը, հանրահավաքներն ու տարբեր ակցիաները, եւ դանդաղ, էվոլյուցիոն պայքար, որտեղ փոքրիկ քայլերով, հետեւողականորեն, օրենսդրական ու սահմանադրական եղանակներով են փորձում հասնել հաջողության: Եթե ընտրվել էր առաջին ճանապարհը, ապա ընդմիջումների, արձակուրդների, ժամանակ շահելու մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Դա ենթադրում է «պայքար, պայքար մինչեւ վերջ»: Եթե ընտրվել է երկրորդը, ապա չէր կարելի հրաժարվել մանդատներից եւ կոմպրոմիսներից»:

«Հայոց աշխարհ»-ը մեկնաբանում է. - «Ամենքի շուրթերին են հայտնվել «ազգային», «ազգայնական» եւ «ազգային բեւեռ» արտահայտությունները։ Ցավոք, դրանց հեղինակների մեծ մասը չի պատկերացնում անգամ, թե ինչի՞ մասին է խոսքը։ Տեսականորեն խնդիրը կարծես թե պարզ է. առաջին՝ կա իշխանություն (կամ “կենտրոն”), որին աջակցում են խորհրդարանում մեծամասնություն կազմող երեք կուսակցություններ, երկրորդ՝ կա արմատական, բայց ո՛չ ազգային ընդդիմություն, որի որոշ ներկայացուցիչների, այդ թվում՝ Հայաստանի նախկին նախագահի «ազգային ֆրազաբանությունը» եթե ոչ տարակուսանք, ապա գոնե ժպիտ է առաջացնում, երրորդ՝ կան ազգային-քաղաքական օրակարգ ունեցող խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժեր, որոնց տեսակետները մոտ են իրար արտաքին քաղաքական բնույթի հարցերում։ Հարց է առաջանում՝ բայց ի՞նչ է լինելու դրանից հետո, նշանակո՞ւմ է սա, որ «ազգային բեւեռի» ձեւավորման համար անհրաժեշտ քաղաքական հենքը պատրաստ է արդեն։ Կարծում ենք, որ այդպես մտածողները շփոթում են «հենք» եւ «հումք» հասկացությունները։ Քանզի «հենքը» նախատեսում է գաղափարական-քաղաքական հստակ պլատֆորմ, իսկ ահա «հումքը» դրա կարիքը չունի»:

«Գոլոս Արմենիի» թերթը գրում է. - «Մարտի 1-ի գործով վերջին մեղադրյալները, փաստորեն դարձել են քաղաքական եւ միջքաղաքական պրոցեսների եւ ԵԽԽՎ-ից Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ կորզելու ձգտման պատանդ: Ընդ որում, այս պատանդառությունը համարյա անիմաստ է, քանի որ արմատական ընդդիմության խաղերը հասկանալի են եւ ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանը հազիվ թե արագացնի հանգուցալուծումը: Իշխանությունները մեկ անգամ չէ, որ հասկացրել են, թե մարտի 1-ի գործով մեղադրյալներին հնարավոր է ազատել միայն երբ ավարտված կլինեն դատական պրոցեսները: Այլապես, եթե իշխանությունները պարզապես դադարեցնեին վերջիններիս նկատմամբ դատական հետապնդումները, դա ընդամենը կնշանակեր հայկական դատական համակարգի թուլության խոստովանություն` նրա վրա քաղաքական ճնշման հնարավորության համատեքստում»: