Հայաստանաբնակ իրանցիները փոփոխություններ են ակնկալում

Թեհրան. աջակիցները ողջունում են Մահմուդ Ահմեդինեջադին ընտրատեղամասին դուրս գալուց հետո, 12-ը հունիսի, 2009 թ.

Հունիսի 12-ին` Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության օրը, Երեւանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության շենքի մոտ մի փոքրիկ հերթ էր գոյացել:
«Ազատություն» ռադիոկայանի՝ իրանցի զրուցակիների մեծ մասը ասացին, թե «փոփոխություններ են ակնկալում»:

«Նոր նախագահը ավելի լավ հարաբերություններ պետք է ունենա բոլոր երկրների հետ, եւ պետք է ասեմ, որ դա շատ կարեւոր է մեր ժողովրդի համար», - ասաց թեհրանաբնակ Սոհրավի Սոհրաբին: - «Այս ընտրություններից մենք նաեւ սպասում ենք իրանցիների ապրելակերպի փոփոխություն, քանի որ սա շատ մեծ ու կարեւոր խնդիր է»:

Հարցին, թե կոնկրետ ո՞ր ոլորտներում են ակնկալում փոփոխություններ, քվեարկության եկած իրանցիների մեծամասնությունը առանձնացնում էր երկրում ազատությունների հարցը, արտաքին քաղաքականության մեջ ակնկալվող փոփոխությունները եւ երկրի առջեւ ծառացած տնտեսական խնդիրները:

«Կարծում եմ, նոր նախագահը նախ պետք է փոփոխություններ մտցնի քաղաքականության մեջ, օրինակ՝ պետք է ավելի լավ հարաբերություններ ունենանք այլ երկրների հետ, որոնց հետ մենք հիմա խնդիրներ ունենք: Ճիշտ է, դա միայն մեզնից չէ կախված, բայց մենք կարող ենք փոխել իրավիճակը, ինչը իր ազդեցությունը կունենա մեր տնտեսության վրա», - շարունակեց Սոհրաբին:

«Կարծում եմ, որ հաջորդ նախագահը՝ ով էլ որ լինի, պետք է նախ ուշադրություն դարձնի մեր երկրի առջեւ ծառացած տնտեսական խնդիրներին, եւ դա պետք է լինի նրա գլխավոր գործը: Մարդը, որին ես ընտրել եմ, կարծում եմ, կկարողանա լուրջ գործ կատարել թե’ ազատությունների առումով, թե’ տնտեսական խնդիրների հաղթահարման իմաստով», - ասաց քվեարկությունն արդեն կատարած մեկ այլ իրանցի:

Քվեարկության ակտիվ կերպով մասնակցում էին հայաստանաբնակ իրանահայերը: Նրանց մեծ մասը, սակայն, խուսափեց հարցազրույցից:

Մի երիտասարդ, այդուհանդերձ, ասաց. - «Այս չորս տարվա ընթացքում երկրի վիճակը շատ է վատացել թե’ ֆինանսական տեսակետից, թե’ աշխարհի հետ կապերի մեջ: Հիմնականում ազատություններն են ուսանողների: Մենք շատ քաղաքական բանտարկյալներ ունենք: Մեր մոտ թանկություն է տիրում. այս տարի 25 տոկոսով ամեն ինչը թանկացել է: Դրա համար մենք շատ ենք ուզում, որ ներկա կառավարությունը փոխվի»: