Քննարկվում են թանգարային աշխատանքին առնչվող հարցեր

Հայաստանի Ազգային պատկերասրահում հինգշաբթի օրը մեկնարկած քառօրյա խորհրդաժողովը քննարկելու է թանգարաններին վերաբերող բազմաթիվ խնդիրներ` սկսած պահպանությունից մինչեւ մասնագետ կադրերով համալրումն ու կառավարումը եվրոպական չափանիշներով:
Նշված խնդիրները հրատապ են հայաստանյան թանգարանների համար:

Խորհրդաժողովը կազմակերպվել է ՅՈւՆԵՍԿՈ-ի, ԻՖԵՍԿՕ-Ի` ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, եւ Հայաստանի մշակույթի նախարարության հովանավորությամբ:

Առաջիկա չորս օրերի ընթացքում խորհրդաժողովի շրջանակներում նախատեսվում են նաեւ դասընթացներ Հայաստանի թանգարանների աշխատակիցների մասնագիտական կրթության համար` ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից մշակված մեթոդներով եւ մասնագիտական գրականությամբ։ Դրանք կանցկացվեն Երեւանի 4 թանգարաններում` Ազգային պատկերասրահում, Էրեբունի արգելոց-թանգարանում, Երեանի պատմության թանգարանում եւ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում։

Մեր թանգարանների աշխատակիցներից ոմանք դեռ անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում արդեն մասնակցել են նման խորհրդաժողով-դասընթացների:

«Թանգարանը շատ մեծ գործառույթներ ունի. դա տեղեկատվական, հանրահռչակման գործառույթն է, դա մշակութային փոխառնչության իրականացման գործառույթն է: Եվ ամենակարեւորը՝ պատմական, մշակութային, հնագիտական արժեքները բազմացնելու, տարածելու գործառույթը՝ կրկնօրինակների ձեւով, լուսանկարների ձեւով, DVD-ների ձեւով, ինչը ոչ միայն մշակույթդ է տարածում աշխարհով մեկ, այլեւ ինչ-որ չափով շահույթ բերում թանգարանին», - ասաց Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:

Իսկ շահույթի կարիք, նրա խոսքով, մեր բոլոր թանգարաններն ունեն: Եվրոպական թանգարաններն արդեն վաղուց լուծել են այս խնդիրը՝ կառավարման որոշակի համակարգ մշակելով եւ, ի տարբերություն ԱՊՀ-ի երկրների թանգարաններից շատերի, եվրոպական թանգարանները կենդանի, գործող կառույցներ են:

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի գնահատմամբ, թանգարանային աշխատանքի վերակառուցման գործընթացը Հայաստանում պիտի վաղուց սկսվեր. - «Մեր թանգարանները շատ մեծ անելիքներ ունեն: Եվ թող այն հին աշխատողները, որոնք 30-40 տարի են աշխատել, չվիրավորվեն: Ես տեսել եմ այս ընթացքում պատահական շատ մարդիկ… Թանգարային գործունեությունը դա մի մեծ պրոֆեսիա է, որը դեռ մերոնք սովոր չեն ընկալելու»: