Կայացավ նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը

Գագիկ Բեգլարյանը երդման արարողության ժամանակ, Երեւան, 11ը հունիսի, 2009 թ.

Հինգշաբթի օրը տեղի ունեցավ նորանկախ Հայաստանի պատմության մեջ մայրաքաղաքի առաջին ընտրված քաղաքապետի երդման հանդիսավոր արարողությունը՝ երկրի բարձրագույն ղեկավարության եւ Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությամբ:
Երեւանի նորընտիր ավագանու հանդիսավոր նիստը Երեւանի քաղաքապետարանի շենքում բացեց ավագանում անդամ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Մայրաքաղաքի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան Երեւանի օրհներգի հնչյունների ներքո նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին հանձնեցին մայրաքաղաքի պատվավոր քաղաքացիներ, Երեւանի ավագանու անդամներ՝ դերասան Վլադիմիր Մսրյանն ու կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ. Երեւանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները», - աջ ձեռքը դնելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի վրա՝ երդվեց Բեգլարյանը:

Երդման արարողությանը հետեւում էին Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ազգային Ժողովի նախագահը եւ վարչապետը։

Մինչդեռ, նկատենք, որ Երեւանի քաղաքապետի երդման արարողության կարգը հաստատելու կառավարության 2009 թվականի մայիսի 7-ի համար 547-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն, նիստին «ներկա են գտնվում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը (համաձայնությամբ)»։ Նույն որոշման հավելվածի 13-րդ կետով ամրագրվում է, որ ողջույնի խոսքերով կարող են հանդես գալ «փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը, ինչպես նաեւ կարող են հրապարակվել ուղերձներ»։


Քաղաքապետի երդումից հետո, այդուհանդերձ, այսօր խոսք ասաց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը. - «Մաղթում եմ, որ արդարացնեք ընտրողների հույսերն ու սպասելիքները, չհիասթափեցնեք ձեր աջակիցներին, առաջին հերթին՝ մեզ»:

Նախագահը նաեւ հավելեց, որ «կարող են ու այսուհետ պետք է կազմակերպեն լավ ընտրություններ, որտեղ արատավոր երեւույթները հաջորդաբար արմատախիլ կարվեն, որտեղ քաղաքական ուժերը կկարողանան քաղաքակիրթ պայքար մղել, ես որ անցած ընտրություններից պարտավոր են դասեր քաղել»:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, հաջորդ «մեծ նշանակություն ունեցող ընտրությունները» պետք է կարողանան անցկացնել «շատ լավ», որպեսզի «ժողովորդը եւ միջազգային հանրությունը գնահատեն ոչ թե միջազգային չափանիշներին հիմնականում, այլ մեծապես կամ ամբողջովին համապատասխան»:

Քաղաքապետի երդման արարողությանը ներկա Երեւանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը, ով պաշտոնավարել է 1975-ից 1985 թվականներին, մաղթեց, որ նոր քաղաքապետի շրջապատում լինեն «քաղաքը լավ իմացող եւ մայրաքաղաքի համար ցավող մարդիկ»։

Ճիշտ է, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը ներկա չէր հանդիսությանը, այդուհանդերձ զրուցեցինք նաեւ նրա հետ։ Նրա խոսքով, հույս կար, որ քաղաքապետի ինստիտուտը կարող էր լեգիտիմ դառնալ, սակայն տեղի ունեցածը [ընտրությունը] «ֆարս կարելի է անվանել». - «Այն երդումն էլ, որ տվել է, ոչ մեկին հավատ չի ներշնչում: Այն թիվը [ընտրության արդյունքները], որ նկարվել է, իրականությունից շատ հեռու է: Եվ այս պայմաններում նա չի կարող աշխատել որպես Երեւանի քաղաքապետ, որովհետեւ չունի այդ վստահությունը»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հրաժարվել է ընտրությունների արդյունքում ստացած [65 տեղերից] 13-ից՝ ընտրությունները բնորոշելով որպես Հայաստանի «ամենայլանդակ» ընտրությունները:

Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած տեղական կազմակերպությունները արձանագրել են քվեաթերթիկների առեւանգման, կրկնակի քվեարկության, բաց քվեարկության, բացահայտ հուշման, ներազդեցության, կողմնակի անձանց անհարկի ներկայության, անօրինական քվեարկության դեպքեր։

Այդուհանդերձ, Եվրոպայի խորհրդի Տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսի դիտորդական խմբի գնահատմամբ, Երեւանի ավագանու ընտրությունները զգալի առաջընթաց էին՝ ի համեմատ 2008 թվականի սեպտեմբերին Երեւանում կայացած համայնքային ընտրությունների։