Հունիսի 11-ի մամուլ

«Առավոտ» օրաթերթը «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանին հետեւյալ հարցն է տալիս. - «Չե՞ք նեղացել Ձեր կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ից, ասում են` ձեզ 7 տոկոսի խոստում էր տրվել, որը փաստորեն չկատարվեց»: Պատասխան. - «Նեղանալու որեւիցե խնդիր չկա: Յուրաքանչյուրը ստացել է այն, ինչ որ ստացել է: Յուրաքանչյուրն արել է իր գործը` ելնելով իր հնարավորություններից: Ուղղակի այս ընտրությունները ցույց տվեցին, որ կոալիցիոն թիմը, որպես միասնական իշխանական թիմ, կայացած չէ, որ ձեւավորված է ոչ թե ընդհանուր շահերի եւ նպատակների ամբողջություն, այլ յուրաքանչյուրն անում է այն, ինչ անհրաժեշտ է բացառապես իրեն: Սա իրողություն է այլեւս, որի հետ պետք է հաշվի նստեն բոլորը»:

«Հայկական ժամանակ»-ը խմբագրականում գրում է. - «Հայ ազգային կոնգրեսի հասցեին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների քննադատության մեջ ոչ մի տարօրինակ բան չկա: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադառնալուց, ապա եւ՝ Հայ ազգային կոնգրեսի ձեւավորումից ի վեր «Ժառանգություն»-ը ընկալվում է որպես ընդդիմադիր արբանյակ ուժ, եւ սա ակնհայտորեն նյարդայնացնում է «Ժառանգության» մեր գործընկերներին: Ընդդիմության դոմինանտ ուժը, բնականաբար, Հայ ազգային կոնգրեսն է համարվում: Եվ ահա, Երեւանի քաղաքապետի ընտրություններին հաջորդած անկումային տրամադրությունը օգտագործելով, «Ժառանգություն»-ը փորձ է անում հարվածներ հասցնել կոնգրեսին, նրան դուրս մղել հիմնական ընդդիմադիր ուժի ուղեծրից եւ, որպես հետեւանք, ինքը տեղավորվել այդ ուղեծրում: Այս գործելակերպը ուղղակի կարմիր թելի նման անցնում է «Ժառանգության» վերջին մեկ տարվա գործունեության միջով: «Ժառանգություն»-ն ակնհայտ բարդույթներ ունի ՀԱԿ-ի նկատմամբ, նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ֆորմալ նմանություններ ձեռք բերել Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պերտոսյանի հետ: Այն, որ Հովհաննիսյանը վերջին շրջանում հետ է քաշվել կուսակցական գործերից՝ տեղը զիջելով իր կուսակից ընկերներին, ընդամենը սրա վկայությունն է: Րաֆֆի Հովհաննիսյանը ուզում է տեղավորվել վերկուսակցական գործչի իմիջի մեջ, ինչպիսին Տեր-Պետրոսյանն է՝ որպես Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ»:

«Գոլոս Արմենիի»-ն գրում է. - «Բոլորը նկատեցին ե՜ւ այն, որ Ծառուկյանը ցանկանում էր հաղթել, ե՜ւ որ Հանրապետական կուսակցությունն ավելի ուժեղ գտնվեց, ե՜ւ, վերջապես ամենակարեւորը՝ եթե դա չհաջողվեց Ծատուկյանին, ապա չի հաջողվի ոչ ոքի: Նույնիսկ չարժե փորձ էլ անել: Այսպիսով, Ծառուկյանի շրջապատը, որն իր առաջնորդին համոզում էր լինել ընտրապայքարի «բրենդը», անգնահատելի ծառայություն մատուցեցին նախագահի կուսակցությանը: Այդ նույն շրջապատի մասին կրկնենք բազմիցս հնչեցված ճշմարտությունը՝ օլիգարխները թիմ չեն ունենում, նրանք ունենում են միայն ձրիակերներ, որոնք ներբողներ են երգում եւ սնվում են շռայլություններից»:

«Առավոտ»-ին տված հարցազրույցում Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ասում է. - «Այս ընտրություններն այս իշխանության եւ անձամբ Սերժ Սարգսյանի քաղաքական իմիջի շատ կարեւոր հանգուցալուծումն էին: Մեկ տարուց ավելի նրա ասած բոլոր խոսքերը՝ հինը մոռանալու եւ նոր էջից ամեն ինչ սկսելու մասին, ընդամենը խոսքեր էին, նա պատրաստ չէ դա անելու: Կամ էլ՝ շրջապատը թույլ չի տալիս: Բայց ես հակված եմ առաջին տարբերակին: Ամեն դեպքում, եղավ այն՝ ինչ եղավ: Այս ընտրությունները մեր անցած բոլոր ընտրություններից ամենախայտառակն էին: Ավելի, քան անցած նախագահականն էր: Այստեղ է, որ ՀԱԿ-ը շատ լուրջ քաղաքացիական կեցվածք դրսեւորեց: Ժողովրդին նորից փորձության տանելն անիմաստ էր»:

«Հայոց Աշխարհ»-ում Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը անդրադարձել է համաներման խնդրին. - «Որոշակի շրջանակներում այսօր խոսվում է համաներումը հենց «մարտի 1»-ի իրադարձությունների առնչությամբ դատապարտվածների կամ մեղադրվողների վրա տարածելու մասին։ Այս մի քանի տասնյակ անձանց համար հասցեական համաներումը կնշանակի չարդարացված կերպով քաղաքականացնել ընդհանրական ու իրավական գործողությունը։ Համաներման արդյունքում ազատություն ստացածների մեջ այս խմբից եւս անձինք կլինեն՝ եթե նրանց հանցանքը համընկնի ներում ստացողների համար սահմանված ցենզին ու դրույթներին։ Նրանց թիվն ընդհանուրի մեջ գուցե 0,1% էլ չկազմի, սակայն միանշանակ է, որ պետության հիմքերը քայքայող ու հասարակական նշանակության ծանր հանցագործություն կատարած, պետական հեղաշրջում կազմակերպած անձինք չեն կարող համընդհանուր կարգով ներվել»։

«Ժամանակ»-ի հարցերին է պատասխանել ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: Լրագրողը հարցնում է. - ««Ժամանակ»-ի ձեռքի տակ է գտնվում համաներման օրենքի մի նախագիծ, որի ուժի մեջ մտնելու պարագայում, փաստորեն, մարտի 1-ի գործով ազատազրկված քաղբանտարկյալները կշարունակեն մնալ անազատության մեջ: Եթե այնուամենայնիվ այդ նախագիծը կյանքի կոչվի, դա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ԵԽԽՎ-ում»: Գրիգորյանը պատասխանում է. - «Ըստ ինձ տրված հավաստիացումների` նման «համաներումը» ԵԽԽՎ-ի համար ընդունելի չի լինի: Ռեժիմին հաջողվեց այդ կարգի աչքակապության միջոցով ԵԽԽՎ-ին մոլորեցնել հունվարյան նստաշրջանի ժամանակ: Չնայած պետք է նաեւ ասեմ, որ դրանից խուսափելու համար ԵԽԽՎ-ն առանձնապես մեծ ջանքեր չգործադրեց այն ժամանակ: Ես տպավորություն ունեմ, որ մթնոլորտն այսօր զգալիորեն տարբեր է, եւ ԵԽԽՎ-ն նույն հանդուրժողականությունը չի դրսեւորի աչքակապության հերթական փորձի նկատմամբ: Պետք է շեշտեմ նաեւ այն հանգամանքը, որ ի տարբերություն հունվարյան նստաշրջանից առաջ ընկած ժամանակահատվածի` նրանք շատ ավելի լավ եւ բազմակողմանիորեն են տեղեկացված իրավիճակին»: