Հանրային խորհուրդը քննարկել է համաներման հարցը

Հայաստանում համաներում հայտարարելու խնդիրը քաղաքական եւ հասարակական շրջանակների ուշադրության կենտրոնում է: Հանրային խորհրդի հունիսի 9-ին կայացած նիստի օրակարգի միակ հարցը համաներումն էր:

Մայիսի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին, հանրային խորհրդին կոչ էր արել համաներման անհրաժեշտության եւ դրա պայմանների մասին իրենց առաջարկությունները ներկայացնել նախագահական նստավայր:

Հանրային խորհրդի երեկվա նիստում որոշվեց, կարեւորելով համաներում հայտարարելու անհրաժեշտությունը, դիմել նախագահին` առաջարկ ներկայացնել Ազգային Ժողովին համաներում հայտարարելու մասին։

Բուռն քննարկում ծավալվեց մեկ այլ որոշման նախագիծ հաստատելու ժամանակ։ Որոշման նախագծում շարադրված էր հետեւյալը` «Ամփոփել եւ հանրապետության նախագահին ներկայացնել Հանրային խորհրդի հանձնաժողովների կողմից առաջարկված` համաներման ենթակա անձանց խմբերի ցանկը, դրանում ներառելով 2008 թվականի մարտի 1-ի, 2-ի ու դրանց հաջորդող իրադարձությունների առնչությամբ ազատազրկման եւ քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց»։

Հանրային խորհրդի 36 անդամների ճնշող մեծամասնության որոշմամբ, նախագծից հանվեց մարտի 1-2-ի մասին հիշատակումը։ Այդուհանդրեձ, այն, որոշ խմբագրմամբ կպահպանվի նախագահին ներկայացվելիք համաներման առաջարկի մասին տեքստում։