Շարունակվում է «21-ի հեռանկարներ» միջազգային փառատոնը

Հայաստանում շարունակվում է «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում ընթացիկ շաբաթասկզբից համերգներով հանդես են գալիս անվանի երաժիշտներ թավջութակահար Ռոհան դե Սահան (Մեծ Բրիտանիա), ջութակահար Մովսես Պողոսյանը (ԱՄՆ), սոպրանո Տոնի Առնոլդը (ԱՄՆ) եւ կլարնետահար Ֆիլիպ Օ՜Քոնորը (ԱՄՆ):
Լրագրողների հետ հանդիպմանը այսօր երաժիշտները ասացին, որ «հաճելիորեն» զարմացել են, թե ինչպես է հայ ունկնդիրը գնահատում մատուցված երաժշտությունը:

Ռոհան դե Սահան հիշեց, որ առաջին անգամ ինքը Երեւանում ելույթ է ունեցել դեռ 50 տարի առաջ՝ սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ առանձին մենահամերգով: Ասաց նաեւ, որ իր դեբյուտը կայացել է Միացյալ Նահանգներում՝ Արամ Խաչատրյանի կոնցերտով թավջութակի եւ նվագախմբի համար:

«Շատ առիթներ չեմ ունեցել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելու, բայց վերջերս Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված համերգին հանդես եկա. հնչեց հատուկ մեզ համար գրված լարային տրիոն», - ասաց անվանի թավջութակահարը:

«21-ի հեռանկարներ» փառատոնի գոյության մեկ տասնամյակի ընթացքում, փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանի խոսքով, ամենակարեւորը հայաստանյան ունկնդրին «բարձրարվեստ կատարումներ մատուցելն է»:

«Մեզ համար մեծագույն ուրախություն է այս կարգի երաժիշտների այցը Հայաստան», - ասաց Ռոստոմյանը: - «Պենդերեցկին, եթե հիշում եք, իր խոսքում ասաց՝ եթե մի ժողովուրդը ունի այսպիսի հանդիսատես, որը կարող է լսել այս երաժշտությունը այսպիսի ոգեւորությամբ, ուրեմն այդ ժողովուրդը ունի ապագա»: