Արմեն Հարությունյան. «Չեմ կարծում, թե որեւէ մեկը ժամանակավոր հանձնաժողովի վատ աշխատանքը կկարողանա կոմպենսացնել»

Արմեն Հարությունյանը մամուլի ասուլիսում, Երեւան, 27-ը մայիսի, 2009 թ.

Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր կարծիքը ներկայացրեց Փաստահավաք խումբը լուծարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրության եւ ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի՝ երեկ տարածած հայտարարության վերաբերյալ:
Փաստահավաք խմբի լուծարման մասին Հարությունյանը ասաց. - «Ես, անկեղծ ասած, չէի մտածում դրա մասին: Ես կարծում էի, որ, եթե այսպես է եղել, ուրեմն ճիշտ կլինի, որ կողմերը մեկ անգամ եւս մտածեն, թե իրենց ներկայացուցիչների տեսակետից ինչ խնդիրներ կան, եւ եթե նույնիսկ համաձայն չեն այն խնդիրներին, որոնք բարձրացված էին կամ համաձայն չէին, որ այդ աստիճանի է, փորձեին խոսել նրանց հետ, որ այդ մթնոլորտը մի քիչ նորմանալա, եւ միգուցե դա կարող էր շարունակականություն ստանալ»:

Ինչ վերաբերում է մարտի 1- 2-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովին փաստեր ներկայացնելու՝ նույն հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանի հայտարարությանը, ապա, մարդու իրավունքների պաշտպանն ասաց, թե ինքը կասկածներ ունի «իրավաբանական հարթության տեսակետից». - «Որքանո՞վ արդյունավետ կլինի այդ գործունեությունը…. Փաստերը պետք է որ նրանք բացահայտած լինեին եւ ներկայացրած: Եվ փաստերի եւ եզրակացություններին միջեւ պատճառական կապն էլ պետք է երեւար: Եվ չեմ կարծում, որ որեւէ մեկը նրանց վատ աշխատանքը կկարողանա կոմպենսացնել»:

Հարցին, թե կարելի՞ է ասվածից ենթադրել, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի պատրաստվում փաստեր ներկայացնել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովին, օմբուդսմենը պատասխանեց. - «Ես այդպիսի փաստեր չունեմ: Ինչ որ ես ունեմ, հատուկ զեկույցի մեջ է»:

Հիմնական պատասխանատվությունը, փաստահավաք խմբի լուծարումից հետո, Արմեն Հարությունյանի խոսքով, մնում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի վրա. - «Եթե նրա [ժամանակավոր հանձնաժողովի] զեկույցը հասարակության գոնե մեծամասնության մոտ վստահություն չներշնչեց, ապա պրոբլեմը մնում է»: