Կայացավ Երեւանի ավագանու խորհրդի անդրանիկ նիստը

Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Երեւանի նորընտրիր ավագանու նիստում, 8-ը հունիսի, 2009 թ.

Երեւանի առաջին ավագանու խորհրդի հունիսի 8-ին կայացած անդրանիկ նիստում արձանագրվեց մայիսի 31-ի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ընտրության փաստը քաղաքապետի պաշտոնում:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, Հանրապետական կուսակցությունից Երեւանի ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանը, ում ընձեռվել էր նիստը վարելու պատիվը, անցնելով օրակարգին, հայտարարեց. - «Հաշվի առնելով, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից եւ կուսակցությունների դաշինքից Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Գագիկ Բեգլարի Բեգլարյանը օրենքի ուժով համարվում է ընդունված Երեւանի քաղաքապետ»:

Երեւանի քաղաքապետի երդման արարողությունը նախանշված է հունիսի 11-ին, իսկ ավագանու առաջին նստաշրջանը հունիսի 23-ին։

Նիստից հետո Երեւանի ավագանում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամների բացակայության վերաբերյալ Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ չցանկացավ զրուցել, սակայն իր գործընկերներին ասաց, թե ընդդիմության բացակայությունը կրկնապատկում է Երեւանի ավագանու աշխատանքները։

Երեւանի ավագանու անդրանիկ նիստը, 8-ը հունիսի, 2009 թ.
Նիստին ներկա չէր նաեւ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) տեղեկացրեցին, որ նա օրենքով սահմանված ժամկետում մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ ԲՀԿ-ն Երեւանի ավագանու այսօրվա նիստում ներկայացված էր ցուցակի երկրորդ համարից` Գագիկ Սանթրոսյանից սկսած։

Մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի մանդատներից հրաժարվելու փաստը, ԿԸՀ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԿԸՀ-ի իրավաբանական բաժնի պետ Սեւակ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Հայ ազգային կոնգրեսը մինչեւ սույն թվականի հունիսի 6-ը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որոշում ընդունելը Երեւանի ավագանու վերաբերյալ, որեւէ դիմում չի ներկայացրել ԿԸՀ: Որոշում ընդունելուց հետո հարցը տեղափոխվում է Երեւանում տեղական ինքնակառավարման մասին օրենքի կարգավորման տիրույթ, որը նախատեսում է ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու ինստիտուտ»:

Ըստ պաշտոնյայի, այս պարագայում ավագանու ՀԱԿ-ի անդամներից յուրաքանչյուրը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի, ինչից հետո ազատված մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ տրվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ հորիզոնականում գտնվող թեկնածուին: Եթե կուսակցության ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, կամ հաջորդող թեկնածուները հրաժարվում են մանդատից, ապա մանդատը մնում է թափուր:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մանդատներից հրաժարվելու իրենց քաղաքական հայտարարությունը վերջնական է։ Արման Մուսինյանը նաեւ հայտնեց, որ ՀԱԿ-ը պատրաստվում է ընտրությունների արդյունքները վիճարկել վարչական դատարանում։