Նախնական արդյունքներով Լիբանանի նորընտիր խորհրդարան են անցել հայազգի 6 պատգամավորներ

Սաադ Հարիրիի ղեկավարած «Մարտի 14»-ի արեւմտամետ դաշինքը հաղթանակ է տոնում։ Աննախադեպ թեժ նախընտրական պայքարից հետո դաշինքը կարողացել է ստանալ 128 տեղանոց լիբանանյան խորհրդարանի մանդատների կեսից ավելին։ Նախնական արդյունքներով Լիբանանի նորընտիր խորհրդարան են անցել հայազգի 6 պատգամավորներ:

Հնչակյան Կուսակցությունը ներկայացնող Եղիա Ջերեջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց. - «Առաջին ոչ պաշտոնական տվյալների համաձայն «Մարտի 14»-ի ուժերին 71 երեսփոխանական տեղ է պատկանում։ Այսօր Ներքին գործերի նախարարը սկսել է ընտրաշրջան առ ընտրաշրջան հրապարակել ընտրությունների արդյունքները»:

Հնչակյան գործիչն այս ընտրություններին չէր մասնակցում։ Նա սակայն նշում է, որ ապագա խորհրդարանում հնչակյանների բավական լուրջ ներկայությունն արդեն ապահովված է։ Նման հաջողության հիմնական պատճառներից մեկն այն է, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցեց հաղթած դաշինքի կազմում. - «Հնչակյան կուսակցությունը մաս է կազմում «Մարտի 14»-ի դաշինքին։ Հնչակյան չորս թեկնածուները ընտրված են»։

Նոր գումարման խորհրդարանում «Հնչակյան կուսակցության» աջակցության շնորհիվ հայտնված չորս պատգամավորներն են` Սերժ Թուր-Սարգսյանը, Ժան Հովասափյանը, Շանթ Չինչինյանն ու Սեպուհ Գալփաքյանը։

«Հայ հեղափոխական դաշնակցությունը» շիա մահմեդականների «Հեզբոլա» շարժման եւ քրիստոնյա պաշտոնաթող գեներալ Միշել Աունի «Ազատ հայրենասիրական շարժման» հետ մաս էր կազմում սիրիամետ «Մարտի 8»-ի դաշինքին։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դաշնակցական հաղթած թեկնածուներից մեկը` Հակոբ Բագրատունին նշեց, որ կեսօրի դրությամբ ՀՅԴ-ն պատգամավորական 2 մանդատ ունի։ Լիբանանի խորհրդարանում դաշնակցականների երկրորդ մանդատը ստացել է Բեյրութում առաջադրված Արթուր Նազարյանը։ Բագրատունին, սակայն, չի բացառում, որ մինչեւ օրվա վերջը «Դաշնակցության» մանդատների թիվն ավելանա եւս մեկով, երբ ավարտին մոտենա քվեների հաշվարկը Զալեյի շրջանում։

Արեւմտյան դիտորդները, ովքեր հետեւում էին ընտրությունների ընթացքին, նշել են, որ քվեարկությունը համապատասխանում էր միջազգային չափանիշներին։ Դիտորդական առաքելության ղեկավարը` Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջիմի Քարտերը լրագրողների հետ զրուցյում ասել է. - «Քվեարկության ընթացքի հետ կապված մտահոգություններ չունենք։ Հիմնական մտահոգությունները վերաբերում են առաջատար կուսակցությունների պահվածքին` արդյո՞ք դրանք բոլորն էլ կընդունեն ընտրությունների արդյունքները»։

Մի քանի ժամ առաջ պարզ դարձավ, որ սիրիամետ «Մարտի 8»-ի դաշինքը պատրաստ է ընդունել ընտրությունների պաշտոնական արդյունքները։ «Հեզբոլայի» ներկայացուցիչներն ասել են, թե իրենց պարտված չեն համարում, քանի որ շարժման առաջադրած բոլոր 11 թեկնածուներն ընտրվել են։ Գեներալ Աունի «Ազատ հայրենասիրական շարժման» ներկայացուցիչները մի քանի ժամ առաջ պաշտոնապես ընդունեցին իրենց պարտությունը` հայտարարելով. - «Մենք հավատում էինք Lիբանանի ժողովրդին։ Այն, սակայն, գերադասեց այլ ճանապարհ ընտրել»։