Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդեւի հետ

Հունիսի 4-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ռազմավարական երկու դաշնակիցների միջեւ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:

Հայաստանի նախագահի կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

«Մեր վերջին հանդիպումից հետո մենք ռուս գործընկերների հետ աշխատել ենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ: Հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ջանասիրաբար աշխատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման շուրջ` համառորեն փնտրելով ճանապարհներ, որոնք թույլ կտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվտանգ ապրել իրենց բնօրրանում, ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Կողմերը քննարկել են նաեւ հայ-ռուսական տնտեսական փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու նախատեսվող ծրագրերի իրականացմանը, տրանսպորտի ոլորտին վերաբերող խնդիրներ, ինչպես նաեւ անդրադարձել են ՀԱՊԿ շրջանակում ռազմաքաղաքական համագործակցության ու արագ արձագանքաման ուժերի կազմավորման հարցերին:

Ավելի ուշ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընթրիքը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:

Այսօր վաղ առավոտյան Սերժ Սարգսյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը: