«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի զեկույցի համաձայն Հայաստանում ամենից շատ կոռումպացված է դատական համակարգը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն շարժման` հունիսի 3-ին հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանում ամենից շատ կոռումպացված է դատական համակարգը: Համենայնդեպս, դա է պնդել հարցվածների մեկ երրորդը։ Կոռումպացվածության աստիճանով երկրորդ տեղում են պաշտոնյաներն ու քաղծառայողները, երրորդ տեղում` խորհրդարանը։

Ընդհանուր առմամբ, այս տարվա զեկույցում Հայաստանը հայտնվել է աշխարհի այն երկրների շարքում, որտեղ մանր կաշառակերությունը առավել մեծ տարածում ունի. «Հայաստանում դա համաճարակի է նման», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է կազակերպության Եվրոպայի բաժնի տնօրեն Միկլոշ Մարշալը եւ մանրամասնել.– «Երբ մենք ուղիղ հարց էինք տալիս` արդյո՞ք դուք կամ ձեր հարազատներից որեւէ մեկը անցած տարվա ընթացքում կաշառք է տվել, Հայաստանում հարցվածների 43 տոկոսն ասում էր` այո: Ողջ աշխարհում այս ցուցանիշը միջինում 13 տոկոս է, ինչը վկայում է, որ Հայաստանում կոռուպցիան համատարած բնույթ է կրում»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի հրապարակած «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2009 թ.» հարցումն անց է կացվել աշխարհի 69 երկրների ու տարածքների ավելի քան 73,000 մարդկանց շրջանում 2008 թվականի հոկտեմբերից 2009 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում։

50 երկրներում այն անցկացվել է «Գելափ Ինթերնեշնլ»-ի «Հանրության ձայնը» ծրագրի շրջանակներում, իսկ 19-ում` այլ կազմակերպությունների կողմից։ Հայաստանում հարցումն իրականացվել է հունվարի 25-ից մինչեւ փետրվարի 5-ը վրացական «Ջորջիըն Ըփինյն Ռիսըրչ Բիզնես Ինթերնեշնլ» (ԳՈՐԲԻ) կազմակերպության կողմից` 1000 անհատական հարցազրույցների միջոցով։

Հայաստանից բացի մանր կաշառակերությամբ աչքի ընկնող երկրների խմբում ընգրկվել են Ադրբեջանը, Կամբոջիան, Կամերունը, Իրաքն ու Ուգանդան։ Ընդ որում, բոլոր այս երկրներում հարցվածները որպես առավել հաճախ կաշառք պահանջող հաստատություն նշել են ոստիկանությունը։

Այս տարվա զեկույցի համաձայն, աշխարհում աճել է նաեւ կաշառակերությունը մասնավոր հատվածում. հարցվածները պնդել են, թե գործարար ոլորտի ներկայացուցիչները օգտագործում են կաշառքը քաղաքականության, օրենքների ու կանոնակարգերի վրա ազդելու նպատակով, կամ այլ կերպ ասած` զավթում են պետությունը։

Այս միտումը առավել տարածված է նախկին Խորհրդային միության երկրներում, այդ թվում` Հայաստանում, որտեղ պետության զավթման մասին նշել է հարցվածների 70 տոկոսից ավելին։ Մյուս կողմից, ուսումնասիրության համաձայն, չնայած սոցիալական ու տնտեսական պայմաններին, Հայաստանում մարդիկ պատրաստ են աջակցել օրինական ճանապարհով աշխատող ընկերություններին. Կանադայի, Հունաստանի, Lյուքսեմբուրգի հետ, մասնավորապես, Հայաստանը հայտնվել է այն երկրների խմբում, որտեղ հարցվածների 43-64 տոկոսը պնդել է, թե պատրաստ է վճարել ավելին` առանց կոռուպցիայի աշխատող ընկերություններից պրանքներ ու ծառայություններ ձեռք բերելու համար։

Զեկույցը նաեւ փորձել է պարզել, թե ինչպես են քաղաքացիները գնահատում կառավարությունների պայքարը կոռուպցիայի դեմ։ Ըստ այդմ` Հայաստանում իշխանության գործողությունները արդյունավետ է գնահատել հարցվածների 38 տոկոսը, մինչդեռ 2007 թվականին այս ցուցանիշն ավելի ցածր էր` 25 տոկոս։ Այդուհանդերձ, հարցվածերի շուրջ կեսը շարունակում է պնդել, որ իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ առայժմ որեւէ արդյունք չի տալիս։