Դատախազությունում «ընթացք է տրվել մամուլի հրապարակումներին»

Հայաստանի գլխավոր դատախազությունը «ընթացք է տրվել» Երեւանի ավագանու ընտրություններում խախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին, եւ «որտեղ եղել են ակնհայտ տվյալներ, հարուցվել են քրեական գործեր»:
Հայաստանի գլխավոր դատախազությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարզարցույցում ասաց դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, որեւէ գրավոր հաղորդում չի ստացել որեւէ լրատվամիջոցի կամ լրագրողի կողմից իր մասնագիտական գործունեության խոչընդոտման կամ իր նկատմամբ բռնության կիրառման մասին:

Գլխավոր դատախազի հանձնարարությամբ հարուցվել է 2 քրեական գործ։

Նախ` Էրեբունու 9/1-ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահները բռնություն էին գործադրել «Չորրորդ իշխանություն», «Հայք» եւ «Ժամանակ» թերթերի լրագրողներ Գոհար Վեզիրյանի, Տաթեւ Մեսրոպյանի եւ Մարինե Խառատյանի նկատմամբ։ Ավելի ուշ պատգամավորի թիկապահը ոստիկանությունում հաղորդում էր թողել, թե լրագրող Գոհար Վեզիրյանն է հարձակվել է թիկնազորի վրա եւ խախտել հասարակական կարգը։

Ոստիկանության լրատվության բաժնի պետ Արմեն Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով:

«Խուլիգանություն, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով: Կատարվում է նախաքննություն», - ասաց Մալխասյանը՝ հավելելով, որ նախաքննությունն իրականացնում է Էրեբունու ոստիկանության քննչական բաժինը։

Գլխավոր դատախազության մամլո խոսնակի փոխանցմամբ, 2-րդ քրեական գործը հարուցվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/05 տեղամասում տեղի ունեցածի կապակցությամբ, երբ բռնության էին ենթարկվել «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը եւ «Թրանսփարենսի ինտերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպության դիտորդ Սոնա Այվազյանը։ Այս քրեական գործով նախաքննությունը իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը։

«Արդեն լրագրողը հրավիրվել է հարցաքննության: Այդ քրեական գործի շրջանակներում այդ ուղղությամբ քննությունը տարվում է եւ ձեռք բերված ապացույցներով կկայացվեն համապատասխան որոշումներ», - հավելեց Տռուզյանը:

«Լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության մյուս դեպքերի մասին հաղորդումները ստուգման փուլում են», - ասաց գլխավոր դատախազության մամլո խոսնակը. - «Հանձնարարվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներին կատարել այդ ստուգումները, որովհետեւ մենք այդ բոլոր հրապարակումները կից գրություններով, հանձնարարականներով ուղարկել ենք ոստիկանության բաժիններ»:

Սոնա Տռուզյանը ասաց նաեւ, որ մամուլում ընտրախախտումներին եւ կեղծիքներին վերաբերող հրապարակումների միայն մի մասի վերաբերյալ է քրեական գործ հարուցվել:

«Շուրջ 29 հրապարակման մենք մեր նախաձեռնությամբ ընթացք ենք տվել, եւ այդ ամեն ինչը ստուգման փուլում է: Բացառված չէ, որ այլ ընտրատեղամասերում տեղի ունեցած խախտումների դեպքերի առթիվ նույնպես հարուցվեն քրեական գործեր», - ասաց նա:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման օպերատիվությունը, Տռուզյանը արձագանքեց. - «Որովհետեւ, նախ, որեւէ կազմակերպություն, որեւէ կուսակցություն, որեւէ դիտորդական առաքելություն կամ որեւէ քաղաքացի գրավոր որեւէ հաղորդում դատախազությանը չի ներկայացրել այս կամ այն ընտրական տեղամասում տեղի ունեցած խախտումների մասին»:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավորներն ու ընտրական հանձնաժողովներում կուսակցության ներկայացուցիչները եւս արձանագրել են ընտրախախտումներ, եւ դրանց մասին հրապարակումներ եղել են: Մասնավորապես, Դավիթաշեն համայնքի 5/10 եւ 5/15 տեղամասերը փակվելուց մի քանի րոպե առաջ մի խումբ մարդիկ ներխուժել են եւ մի քանի հարյուր քվեաթերթիկ լցոնել: Հարցին, թե ինչո՞ւ գլխավոր դատախազությունը չի արձագանքել այդ հրապարակումներին, Սոնա Տռուզյանը պատասխանեց. - «Եթե «Ժառանգություն»-ը, ինչպես դուք եք նշում, ունի այդպիսի կազմված արձանագրություններ, ապա լավ կլինի, որ այդ ամենը ներկայացնի Դատախազություն կամ Հատուկ քննչական ծառայություն կամ իրավապահ մարմիններին, որպեսզի հնարավոր լինի այդ ամենի վերաբերյալ տալ լուծում: Քննել, պարզել, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ հանգամանքներում»:

«Ժառանգություն» կուսակցության գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ, ամենայն հավանականությամբ, քննարկելուց հետո որոշում կկայացնեն իրավապահ մարմիններին ներկայացնել իրենց տրամադրության տակ եղած արձանագրություններն ու փաստերը:

«Նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ, մասնավորապես 8/05 տեղամասի հետ կապված արդեն իսկ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ այնտեղ քվեարկվել են կեղծ քվեաթերթիկներ: Ուստիեւ նշանակվել է փորձաքննություն: Քվեաթերթիկների վերահաշվարկ եւ զննում կատարելու համար հունիսի 3-ին դատախազության շենքում նշանակված փորձաքննության շրջանակներում տեղի կունենա թիվ 8/05 տեղամասի քվեաթերթիկների պարկի բացում, վերահաշվարկ եւ զննում», - հավելեց Սոնա Տռուզյանը: