Հրայր Թովմասյան. «ՀԱԿ-ի տեղերը չեն փոխանցվելու ո՛չ Հանրապետականին, ո՛չ էլ Բարգավաճին»

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի հեղինակ Հրայր Թովմասյանի փոխանցմամբ, մայիսի 31-ի ընտրություններում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ստացած 13 տեղերը, դրանցից ՀԱԿ-ի ներկայացրած հրաժարականի հետեւանքով, մնալու են թափուր, իսկ ավագանին 65-ի փոխարեն կազմված է լինելու 52 անդամից:
«Դրանք չեն փոխանցվելու ո՛չ Հանրապետականին, ո՛չ էլ Բարգավաճին: Այսինքն, նրանց տեղերը համամասնորեն չի ավելանալու, եւ հաջորդ առավելագույն հավաքած [քաղաքական ուժը] չի գալու նրանց փոխարեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեքշաբթի ասաց Հրայր Թովմասյանը:

Իրավաբանը նաեւ նշեց, որ ընթացակարգի համաձայն, Հայ ազգային կոնգրեսը մանդատներից հրաժարվելու մասին պետք է դիմում ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով` հանրահավաքում հայտարարելու փոխարեն։ Ընդ որում, դիմում պետք է ներկայացնեն ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր 164 քաղաքացիները` անհատապես:

«Մեխանիզմը հետեւյալն է. իրենց ցուցակի առաջին համապատասխան թվով անձինք են ստանում մանդատները, եթե նրանք հրաժարվում են, ապա դա անցնում է ցուցակի հաջորդ համարներին, մինչեւ այդ ցուցակը սպառված լինի: Եվ եթե որեւէ մեկը համապատասխան դիմում չներկայացնի, դա նշանակում է, որ նա կստանա համապատասխան մանդատը», - նշեց Հրայր Թովմասյանը: