Քաղաքական ուժերը մեկնաբանում են ավագանու մանդատներից հրաժարվելու` ՀԱԿ-ի որոշումը

Երեւանի ավագանու ընտրություններում ստացած 13 մանդատներից հրաժարվելու` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տվել հայաստանյան քաղաքական ուժերին:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությամբ, եթե Կոնգրեսը ընդուներ ավագանու 13 մանդատը, ապա կծառայեր «անօրինական ռեժիմի լեգիտիմացմանը» եւ կընդուներ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված «պետական հանցագործությունը»:

«Այն խոշորամասշտաբ ընտրակեղծիքներից եւ օրինախախտումներից հետո, որոնք ապացուցեցին, որ այս ռեժիմը ուղղակի ընդունակ չէ նորմալ, օրինական պետական մարմիններ ձեւավորելու գործընթացին մասնակցել, մեր որոշումը` այդ խղճուկ մի քանի մանդատը, որ որպես ոսկոր գցել են ընդդիմությանը ընդունելու մասին, կլիներ ուղղակի որոշում` այս ընտրակեղծիքների հետ համաձայնելու մասին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգողը համոզված է, որ, ի տարբերություն խորհրդարանի, ավագանիների խորհուրդը ընդդիմությանը հնարավորություն չի տալիս այդ ամբիոնը օգտագործել իր քաղաքական օրակարգը առաջ տանելու նպատակով:

«Մենք մեր քաղաքական օրակարգը այդ խղճուկ 12 մանդատով առաջ տանելու հնարավորություն չունենք: Ուրեմն, ընդունել այդ մանդատները նշանակում է միայն մեկ բան` ընդունել այս քաղաքական փչացած համակարգը: Ընդունել այս պետական հանցագործությունը, որ կատարվել է հայ ժողովրդի նկատմամբ», - հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում դրական արտահայտվեց Կոնգրեսի որոշման մասին. - «Ես կարծում եմ իրենք ճիշտ են վարվել: Իրենց տրամաբանության տեսանկյունից, քաղաքական պայքարի իրենց որդեգրած ձեւի տեսանկյունից, իրենք ճիշտ են վարվել: Ես, օրինակ վստահ չեմ, որ եթե մենք ունենայինք տեղեր ավագանիում, բայց տեսնեինք այս ամբողջ այլանդակությունը, մենք իմաստ կտեսնեինք այդ ձեւի ավագանու մեջ աշխատելու»:

Այդուհանդերձ, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները համոզված են, որ ընդդիմությունն այդ քայլով հուսախաբ է արել իր ընտրողներին:

«Դա էլ քաղաքական պայքարի մի ձեւ է, բայց լավագույն ձեւերից չէ: Պատմությունը ցույց է տվել, որ այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտել են, մանդատներից հրաժարվել են, առաջինը իրենք են տուժել իրենց վարկանիշի մեջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: