Էրեբունի համայնքի 13/9 տեղամասում խոչընդոտել են լրագրողների աշխատանքը

Էրեբունի համայնքի 13/9 ընտրատեղամասի դիմաց խմբված մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, այդ թվում նաեւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին նկարահանումներ կատարել։

«Չե՞ս հասկանում, արա.. չենք ուզում նկարես», - ասել են նրանք։

Տեղամասի հանձնաժողովի նախագահը ասել է, թե ամեն ինչ նորմալ է ու թույլատրել է նկարահանումներ կատարել ներսում, սակայն արգելել է նկարահանել ընտրացուցակը ու դուրս է հրավիրել օպերատորին։

«Հիմա որ վեկալեմ էս ապարատով տամ գետին, հո չես նեղանա», - սպառնացել է հանձնաժողովի նախագահ Ժիրայր Այվազյանը՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի դիտարկմանը, թե նույն ցուցակը փակցված է նաեւ դրսում։

«Ընտրացուցակը հրապարակման ենթակա չէ», – հայտարարել է նա։

Դրսում հավաքված երիտասարդները սպառնացել են «Ազատություն» ռադիոկայանի, ինչպես նաեւ «Ա1+» հեռուստաընկերության լրագրողներին։

«Չե՞ք հասկանում, վերջացրեք, գնացեք», - ասել են նրանք լրագրողներին, երբ վերջիններս ստիպված դուրս են եկել ընտրատեղամասից։

«էսա քեզ էդ պատից քցեմ էն յան», - սպառնացել են նրանք «Ա1+»–ի լրագրողին։

Ընտրական տեղամասը գտնվում է Էրեբունիի ոստիկանության շենքի դիմաց։