Մարզերից՝ Երեւան

Գյումրիից Երեւան ուղեւորներ տեղափոխած միկրոավտոբուսները, 31-ը մայիսի, 2009 թ.

Գյումրիի եւ Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների տասնյակ ներկայացուցիչներ, քաղքապետարանների ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ավելի քան հարյուր աշխատակիցներ մայիսի 31-ին ավտոշարասյուններով տեղափոխվեցին Երեւան։
Թեեւ նրանցից շատերը խուսափում էին նշել իրենց ուղեւորության նպատակը եւ ուղղությունը, Հանրապետական կուսակցությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեցին, որ իրենց կուսակցության անդամները մարզերից գալիս են Երեւան՝ ընտրություններում Հանրապետականին աջակցելու։

Գյումրիից՝ Երեւան


Գյումրիի քաղաքապետրանի մոտ տասնյակ միկրոավտոբուսներ են հավաքվում, 31-ը մայիսի, 2009 թ.
Առավորտյան ժամը 7-ից Գյումրիի քաղաքապետարանի մոտ սկսեցին կուտակվել քաղաքային թիվ 12, 28, 20 երթուղիները սպասարկող միկրոավտոբուսներ: Ժամը 8-ից 9-ի սահմաններում շուրջ 20 միկրոավտոբուս, տասնյակ մարդատար ավտոմեքենաներ էին կայանված քաղաքապետարանին հարակից տարածքում: Քաղաքապետարանի ողջ կազմը, ինչպես նաեւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների, երաժշտական ու սպորտդպրոցների մեծ թվով աշխատակիցներ, փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի ղեկավարությամբ, տեղաբաշխվում էին միկրոավտոբուսներում:

«Շաբաթօրյակի են գնում Դսեղ», - «Ազատություն» ռադիոկայանին հավաքի նպատակը բացատրեց փոխքաղաքապետը:

Հավաքվածները տարբեր կարծիքներ ունեին իրենց ուղեւորության նպատակի մասին:

«Թոփառլի ենք գնում` ձուկ բռնելու», - ասաց նրանցից մեկը: - «Մտնելու ենք մոտակա ձկնորսական պարագաների խանութ, կարթ վերցնենք»:

«Խաշ ուտելու ենք գնում», - մեկնաբանեց մեկ ուրիշը, որին անմիջապես ընդհատեց ուղեկցող ընկերը՝ բացատրելով. - «Խաշը որն է, գառ պետք է ուտենք»:

«Մենք մեզ համար հավաքվել ենք, գնում ենք ուտել-խմելու: Գնում ենք Ջաջուռ», - պատկերն ամբողջացրեց մեկ ուրիշը:

Ժամը 9:30-ին միկրոավտոբուսների շարասյունը, ճանապարհային ոստիկանների ուղեկցությամբ, Գյումրիից դուրս գալով, շարժվեց Գյումրի-Երեւան ավտոճանապարհով: Միկրոավտոբուսների եւ մարդատար ավտոմեքենաների թվաքանակից դատելով` ավտոշարասյունը տեղափոխում էր շուրջ 500 մարդու:

Շարասյան հետեւից, իրեն ուղեկցող շքախմբով Երեւան ուղեւորվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Վերջինս Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային խորհրդի նախագահն է:

Վանաձորից՝ Երեւան


Վանաձորի կենտրոնում միկրոավտոբուսներ են հավաքվում, 31-ը մայիսի, 2009 թ.2009.
Լոռու մարզպետարանի ու Վանաձորի քաղաքապետարանի գրեթե բոլոր վարչությունների ու բաժինների պետերը առավոտյան 6:30-ից խմբվել էին Վանաձորի կենտրոնում: Սպասում էին ավտոմեքենաների, որպեսզի հասնեն Երեւան, թեեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ասաց, որ գնում են հանգստանալու. - «Ես ասացի` մենք գնում ենք այսօր զվարճանալու: Կիրակի օր է, իրավունք չունե՞նք մեր հանգիստը կազմակերպել»:

Իր հերթին փոխմարզպետ Սեյրան Դարբինյանը «Ազատություն» ռադիոկայանին ծիծաղելով վստահեցրեց, որ ամեն օր առավոտյան ժամը 7-ին Վանաձորի կենտրոնում նման հավաքներ են լինում. - «Քեֆ անելու ենք գնում: Ես Էջմիածին եմ գնում: Հավաքվել ենք` ամենքս մի տեղ գնանք»:

Ի տարբերություն Վանաձորի քաղաքապետի եւ Լոռու փոխմարզպետի հավաստիացումներին, Լոռու մարզպետի օգնական Տիգրան Բադոյանը ասաց, որ Երեւան է գնում` իր ներկայությամբ հարազատ կուսակցությանը` Հանրապետականին սատարելու համար:

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց լոռեցիների այցը Երեւան. - «Այսօր աշխատանքային օր չէ։ Մարզպետարանի աշխատակիցները ազատ են։ Հանրապետական կուսակցության կամ այս կամ այն քաղաքական կուսակցության այլ ներկայացուցիչներ տարբեր մարզերից եկել են Երեւան։ Դա շատ նորմալ է՝ մարդիկ եկել են եւ ցավում են իրենց ընկերների, իրենց թիմի համար։ Ես որեւէ խնդիր չեմ տեսնում։ Լոռու մարզպետը Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է, որը շահագրգռված է, որպեսզի իր կուսակցությունը ավելի լավ արդյունք ունենա»։

Վանաձորի ներքաղաքային տրանսպորտը սպասարկող ավտոմեքենաներով առավոտյան 7։30-ից Լոռու մարզային եւ Վանաձորի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները՝ այդ թվում Լոռու մարզպետը, փոխմարզպետը, Վանաձորի քաղաքապետը շարժվեցին Երեւան։

Գյումրիից ... Ֆուտբոլի ֆեդերացիա


Կեսօրին «Գազել» մակնիշի երկու միկրոավտոբուսներ կանգ առան Խանջյան փողոցի վրա` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց:

Մարզից ժամանած ավտոշարասյունը կանգ է առնում Երեւան տանող ավտոճանապարհին, 31-ը մայիսի, 2009 թ.
Միջին տարիքի գյումրեցի կանայք ու տղամարդիկ խմբերով հավաքվեցին շենքի առջեւ եւ մի մարդուց, ով քիչ անց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացավ որպես ֆեդերացիայի պահակ, ստացան հրահանգ` տաքսիներով մաս-մաս գնալ համապատասխան վայրեր:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ նպատակով են եկել Երեւան, ժամանածներից մեկը, ով խմբի մյուս անդամների գործողություններն էր համակարգում, վստահեցրեց, թե եկել է Երեւանում ապրող իր աղջկան տեսնելու եւ մյուսներին չի էլ ճանաչում:

Կանայք էլ առհասարակ չէին ցանկանում որեւէ տեղեկատվություն տալ, անգամ նշել, թե Հայաստանի որ մարզից են եկել մայրաքաղաք:

Ավելի ուշ Գյումրիից Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ ժամանող միկրոավտոբուսների թիվը արդեն անցել էր մեկ տասնյակից: