Մայիսի 30-ի մամուլ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Ե՛ւ ժողովրդավարական, ե՛ւ ոչ ժողովրդավարական երկրներում իշխանությունները ձեւավորվում են ընտրողների են ընտրողների կամքով: Պարզապես ժողովրդավարական երկրներում իշխանություններ ձեւավորվում են ընտրություններին մասնակցողները, իսկ ոչ ժողովրդավարական երկրներում` ընտրություններին չմասնակցողները: Ինչո՞ւ: Որովհետեւ Հայաստանի նման երկրներում ընտրություններին չմասնակցել` նշանակում է թույլ տալ, որ իշխանությունները, օլիգարխները, ոստիկանությունը, կրիմինալը եւ այլն կեղծեն ընտրությունները: Ընտրություններին չմասնակցողին միայն թվում է, թե ինքը ոչ մեկին ձայն չի տալիս, ընդ որում` ձայն է տալիս հենց նրան, ումից հիասթափված լինելու պատճառով չի մասնակցում ընտրություններին»:

«Գոլոս Արմենի» թերթը նույնպես ընտրողներին ակտիվության կոչ է անում. - «Ներկա ընտրություններից շատ բան է կախված. Առաջին` երեւանցիների համար հնարավորություն է ստեղծվել իրենց օրինակով ցույց տալ, որ առանձին վերցրած համայնքում ազատ եւ արդար ընտրությունները հնարավոր են ընտրողների ակտիվության եւ խիստ կուսակցական վերահսկողության դեպքում, երկրորդ` վաղվա ընտրությունները ինչ-որ առումով միջանկյալ են անցած եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների միջեւ, եւ ուրեմն, այն կուսակցությունների համար իրական հնարավորություն է` երկրի բնակչության համարյա թե կեսի` իրենց հանդեպ վերաբերմունքն իմանալու համար, եւ երրորդ, մարտի 1-ով ավարտված նախագահական ընտրարշավից հետո այն առաջին ընտրությունն է: Վերջին հանգամանքը առանձնակի պատասխանատվություն է դնում ներկա ընտրությունների մասնակիցների վրա: Հետընտրական մշտական խռովությունները երկրի ներքին անվտանգության համար սպառնալիք են պարունակում»:

«Հայոց աշխարհ»-ը անդրադառնում է նախընտրական քարոզարշավի առանձնահատկություններին. - «Անցած քարոզարշավը աչքի ընկավ նախեւառաջ խոստումների առատությամբ։ Ըստ որում՝ հաճախ կանխահայտ անիրագործելի խոստումների։ Ասենք, դա բնորոշ է բոլոր կարգի քարոզարշավներին, անկախ նրանից, թե ում են ընտրում. նախագահ, պատգամավոր, թե քաղաքապետ։ Ընտրողների մեծամասնությունը վատ է պատկերացնում թեկնածուի ձգտած պաշտոնի հնարավորության սահմանները։ Իսկ թեկնածուները տալիս են ընտրողների պահանջներին համապատասխանող խոստումներ։ Եթե վերլուծենք նրանց նախընտրական ծրագրերը, ապա դեպքերի մեծամասնությամբ կարելի է հայտնաբերել կանխահայտ անիրագործելի խոստումների տարրեր»:

«Հայկական ժամանակ»-ը իր խմբագրականում մեկնաբանում է փաստահավաք խմբում ստեղծված իրավիճակը. - «Փաստահավաք խմբում օմբուդսմենի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը հրաժարական է տվել` պատճառաբանելով վերջին երկու տարվա ընթացքում արդեն իսկ մաշված տերմինաբանությունը: Թե` բա չե՜ք ասիլ, անհանդուրժողականության մթնոլորտ է Փաստահավաք խմբում, եւ ինքը, արդեն իսկ չի կարողանում խմբի ընդդիմադիր եւ իշխանամետ կողմերին հանդուրժողականություն ներշնչել, եւ ահա` հուսահատված, բարոյական մաժորի վրա հեռանում է Փաստահավաք խմբից` որպես հանդուրժողականության վերջին մոհիկան: Ստեփանյանը այնպիսի գորովանքով է խոսում փաստահավաք հանդուրժողականության մասին, որ կարելի է ենթադրել, թե գործ ունենք ոչ թե տասը մարդու կյանք խլած սպանդի հանգամանքներն ուսումնասիրող կառույցի, այլ պիոներական ճամբարի հետ: Փաստահավաք խումբը հենց անհանդուրժողական մթնոլորտ ունենալու համար էլ ստեղծվել է, որովհետեւ հենց այդ անհանդուրժողականությունն է բացահայտելու ճշմարտությունը, որովհետեւ դատախազությունը եւ ՀՔԾ-ն, որտեղ տիրում է հանդուրժողականության եւ համաձայնության մթնոլորտ, ընդամենը փաստերը կոծկելով են զբաղված եղել»:

«Առավոտ»-ում Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն իր պատկերացումներն է ներկայացրել հայ-թուրքական բանակցությունների ճանապարհային քարտեզի մասին. - «Ազգային ժողովում փորձագետների կողմից հնչում են փաստաթուղթը հրապարակելու ապարդյուն պահանջներ, արտաքին գործերի նախարարի համառությունը դառնում է խիստ կասկածելի: «Ճանապարհային քարտեզը» չհրապարակելը կարող է ունենալ երկու պատճառ: Առաջին` այն պարունակում է գործողությունների այնպիսի ցանկ, որը դժգոհության մեծ ալիք կարող է առաջացնել: Երկրորդ` այն պարզապես գոյություն չունի՝ չի հաջողվել որեւէ համաձայնեցված փաստաթուղթ ձեւավորել միչեւ ապրիլի 23–ի առավոտյան, եւ թուրք-ամերիկյան հարաբերություններում բարդություններ չառաջացնելու, նախագահ Օբամայի դեմքը փրկելու նպատակով հայտարարություն է արվել այն հույսով, որ հետագայում նման ինչ-որ բան հնարավոր կլինի կազմել: Այս վարկածներից որեւէ մեկը չի կարող պատվաբեր լինել Հայաստանի իշխանությունների համար, սակայն դա հիմք չէ «քարտեզը» հասարակությունից թաքցնելու համար»: