Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ին

Հանրապետության 43 քննական կենտրոններում հունիսի 2-ից մինչեւ նույն ամսվա 23-ը շուրջ 48 000 շրջանավարտներից միասնական համակարգով քննություն կհանձնի 19164 դիմորդ։
Այս տարի միասնական քննությունների հաջորդ օրը կանցկացվեն նույն առարկայից արդեն ավարտական քննությունները։ Որոշ առարկաների դեպքում նախկին 4 ժամի փոխարեն, քննությունների համար կհատկացվի 3 ժամ, իսկ օտար լեզուների դեպքում` 2,5։

Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի խոսքով, եթե քննությունների ժամանակ թեստերը բացելուց հետո այնտեղ հայտնաբերվեն վրիպակներ կամ զուգաձեւություններ` խնդիրը կլուծի hօգուտ դիմորդների։

«Շրջանառվող լուրերը, թե թեստեր պատրաստող մասնագետները նաեւ որպես կրկնուսույց պարապում են մեծ թվով դիմորդներ հետ եւ այդպիսով ապահովում առավելագույն բալեր, պարզապես անհիմն են, քանի որ նրանց հետ աշխատում ենք երկար տարիներ եւ վստահում ենք», - ասաց նա։

Կոռուպցիոն ռիսկերը, ըստ փոխնախարարի, պետք է տարեցտարի հասցնել նվազագույնի, ինչի ուղղությամբ աշխատում են։

Քննական կենտրոնների թվի նվազումը, նրա համոզմամբ, եւս կնպաստի դրան, քանի որ որքան քիչ մարդ է ներգրավված գործընթացում, այնքան նվազում են ռիսկերը։

Հարցին, թե ով է պատասխանատվություն կրելու միասնական քննությունների ողջ գործընթացի համար այն դեպքում, երբ նախարարը նորանշանակ է եւ լիարժեք չի տիրապետում տեղեկատվությանը, փոխնախարարը պատասխանեց, որ բարոյական պատասխանատվությունը կրելու է նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը, ով պատրաստակամություն է հայտնել օգնել, իսկ մնացած խնդիրները լուծվելու են Գնահատման եւ թեստավորման կենտրոնում։

«2 տարվա ընթացքում փոխվեց 3 նախարար, որոնցից 2-ը՝ հենց քննությունների նախաշեմին, սակայն դա բացասական ազդեցություն չի ունենա ոլորտի վրա», - վստահեցրեց Մկրտչյանը։

Քննությունների արդյունքները դիմորդները կարող են բողոքարկել քննության հաջորդ օրը նույն քննական կենտրոնում, որտեղ քննություն են հանձնել։