Ռուսաստանը 500 միլիոն դոլար վարկը Հայաստանին կփոխանցի այս շաբաթ

Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրին

Ռուսաստանը 500 միլիոն դոլար վարկը Հայաստանին կփոխանցի արդեն այս շաբաթ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը:
«Անցած շաբաթ ստորագրվեց 500 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը Հայաստանի հետ 15 տարով, եւ այս շաբաթ փողը արդեն կգնա», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Կուդրինը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ:

Մեդվեդեւը, իր հերթին, ասել է. - «Մենք, իհարկե, օգնել ենք եւ օգնելու ենք մեր մերձավոր գործընկերներին այն որոշումների շրջանակներում, որոնք մինչ այս ընդունվել են»:

Կայունացման վարկ տրամադրելու խնդրանքով Հայաստանը Ռուսաստանին էր դիմել այս տարվա սկզբին:

Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինը եւ Տիգրան Դավթյանը 500 միլիոն դոլար վարկի համաձայնագիրը ստորագրել են մայիսի 20-ին Մոսկվայում:

Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով` ԼԻԲՕՐ + տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, ինչը ներկայումս կազմում է շուրջ 4 տոկոս: Հիմնական պարտքի մարումը կսկսվի 5 տարուց: