Մայիսի 27-ի մամուլ

«Հրապարակ»-ը, իր խմբագրականում անդրադառնալով Փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանի հրաժարականին, գրում է. - «Սրան, հավանաբար, կհաջորդի նոր ղեկավարի փնտրտուք. օմբուդսմեն Արմեն Հարությունյանն ստիպված կլինի նոր ներկայացուցիչ գործուղել փաստահավաք խումբ, ինչը նույնպես ժամանակ կխլի: Մի խոսքով, 1 տարի 2 ամիս անց մենք գրեթե նույն կետում ենք, ինչ 2008-ին: Մյուս կողմից, շարունակվում են մարտի 1-ի քրեական գործերով դատավարությունները, որտեղ օրենքն ու օրինականությունը մղվել են 10-րդ պլան: Բավական չէ` դատում են սպանությունների ու զանգվածային անկարգությունների հետ կապ չունեցող քաղաքական դեմքերին, դեռ դատում են միջնադարյան անգրագիտության եւ ստալինյան հաշվեհարդարի կանոններով: Վկաների նկատմամբ կիրառվող բռնությունները, մեղադրական եզրակացություններում ճչացող անգրագիտությունը, դատավորների ակնհայտ սուբյեկտիվիզմը խոսում են այդ մասին: Բանն այն է, որ ե’ւ սպանությունների բացահայտման, ե’ւ քաղաքական հետապնդումները դադարեցնելու առումով փակուղին գնալով խորանում է»:

«Կապիտալ»-ը զրուցել է նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Ի՞նչ է պետք անել Ղարաբաղյան եւ հայ-թուրքական գործընթացում տանուլ չտալու համար»։ Փափազյանը պատասխանում է. - «Խնդիրները Հայաստանի ներսում են։ Ղարաբաղը կորցնելու մասին խոսել անգամ չեմ ուզում, քանի որ դա պատկերացնել չեմ կարող։ Որպեսզի այս գործընթացը չավարտվի ազգային ողբերգությամբ, նախ պետք է սեփական տունը կարգի բերել, նորոգել, մաքրել։ Առաջին քայլը, որը պիտի արվի, նորմալ ընտրական գործընթացներ ապահովելն է։ Սա, իհարկե, շատ դժվար, բայց հնարավոր բան է։ Արտաքին քաղաքականությունն ուղղակի կախվածության մեջ է տնտեսությունից, բարոյականությունից, մշակույթից եւ երկրի ներքին վիճակից»։ Հարցին, թե հայ-թուրքական եւ Արցախի հարցի կարգավորումն ի՞նչ դեր ունեն Երեւանի ավագանու համար ՀԱԿ-ի ընտրապայքարում, նախկին արտգործնախարարը պատասխանում է. - «Իմ կարծիքով՝ շատ փոքր։ Ես աշխատում եմ հնարավորինս դիտող լինել եւ հասկանալ, թե մեր հասարակությունը ինչքանով է հետաքրքրված ազգային խնդիրներով։ Հասարակության այն մասը, որի հետ ես ավելի հաճույքով եմ շփվում, հետաքրքրված է, բայց դա շատ փոքր զանգված է։ Ճնշող մեծամասնությունը հետաքրքրված է աղբահանության, բակերի բարեկարգման խնդիրներով։ Դա համարում եմ բնական. մարդիկ ցանկանում են ապրել բարեկեցիկ կյանքով»։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Ադրբեջանի արտգործնախարարը նախօրեին հայտարարել է, թե իրենք Սերժ Սարգսյանի հետ ոչ մի պայմանավորվածության էլ չեն հասել, իրենք «ամեն ինչի շուրջ» արդեն պայմանավորվել են Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ամեն դեպքում տարօրինակ է, որ Ռոբերտ Քոչարյանը ծպտուն չի հանում։ Սեփական որդու՝ Դուբայում ունեցած արկածների դեպքում դատարանների դռներն է ընկնում, իսկ երբ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ կոնկրետ իր հետ այդ երկրի իշխանություններն «ամեն ինչ շուրջ» պայմանավորվել են, ձեն-ձուն չկա։ Լավ, բա չիմանա՞նք ինչի շուրջ են պայմանավորվել։ Կամ եթե նման բան չկա, ինչո՞ւ բաց թողնել առիթը եւ դարավոր ոսոխի արտգործնախարարին չմեղադրել ստախոսության մեջ։ Համ էլ՝ հրաշալի առիթ է եւս մեկ անգամ սեփական «հաղթողական» կեցվածքը հիշեցնելու համար։ Եթե արդեն «ամեն ինչի շուրջ» պայմանավորվել է, էլ ի՞նչ հետագա առաջընթացի մասին է խոսքը։ Ըստ երեւույթին, հիմա բանը հասել է այդ պայմանավորվածություններին պայմանագրի տեսք տալուն, եւ հենց այստեղ է, որ Սերժ Սարգսյանը համառում է։ Մարդը չի ուզում Քոչարյանի արած ղալաթների տակ իր ստորագրությունը դնել»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ «ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը երեկ որոշել է դիմել ՀՀ արդարադատության խորհրդին՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար»։ Թերթը հիշեցնում է, որ դեռեւս այս տարվա մարտի 17-ին Մնացական Մարտիրոսյանը որոշում էր կայացրել դիմել Փաստաբանական պալատին՝ «7-ի գործով» փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Փաստաբանների պալատի խորհուրդը երեկ որոշել է կարճել դատավորի դիմումի հիման վրա փաստաբանների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը, մյուս կետով որոշել է դիմել Արդարատադության խորհրդին՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու համար»։

Նախընտրական թեմաներով «Առավոտ»-ի հետ զրուցել է ՀԺԱՄ կուսակցության խորհրդի նախագահ Վահրամ Մկրտչյանը։ Նա ասում է. - «Ինքս վեց տարի շարունակ գործել եմ ՀՀՇ-ական իշխանության դեմ։ Այդ իշխանությունը ես համարում եմ ՀՀ-ում ֆեոդալական հասարակարգի հիմնադիր։ Այսօր դրա սաղմերն են մեծացել, տարածվել։ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստան մտավ ֆեոդալական հասարակարգի մոդեռն մոդելը։ Այսօր էլ նորից նույն մոտեցումն է՝ փողը տանք, քվեն ստանանք։ Առաջիկա ընտրությունները, իմ համոզմամբ, լակմուսի դեր կկատարեն, եւ դրանց որակով պայմանավորված կլինեն հետագա շատ քայլեր։ Ինչ վերաբերում է իմ նախասիրություններին՝ որեւէ ուժի անուն չեմ տա, պարզապես ընդգծեմ, որ հաճելի չէ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի գզվռտոցը։ Կոալիցիայի անդամները կռվում են իրար հետ, մինչդեռ իրենք պետք է նախապես պայմանավորվեին խաղի կանոնների մասին»։ Հարցին թե հնարավոր համարում է, որ այս ընտրությունների արդյունքում էլ ցավալի իրադարձություններ ծավալվեն, ինչպես նախորդ նախագահականի ժամանակ էր, Մկրտչյանը արձագանքել է. - «Ոչ։ Կարծում եմ, որ ո’չ իշխանությունը, ո’չ էլ ընդդիմությունը ողջամտության սահմանը չեն անցնի։ Մարտի 1-ի իրադարձությունները մեզ համար մեծ դաս էին, եւ հակված եմ այն տեսակետին, որ ո’չ ընդդիմությունն այդչափ ագրեսիվ կպահի իրեն, ո’չ էլ իշխանությունը այդչափ անխոհեմ կգտնվի եւ զենք կօգտագործի»։

«Հայոց Աշխարհ»-ը անդրադառնում է Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած միտինգներին. - «Մենք կանխամտածված այս անգամ չենք անդրադառնում ելույթների բովանդակությանը, քանզի բովանդակություն որպես այդպիսին պարզապես չկա։ Լոկ սպառնալիքներ ու սուտ։ Սակայն այդ սուտը հաճախ հասնում է իր նպատակին, ուստի անհամեմատ ավելի հետաքրքիր կլինի փորձել հասկանալ, թե ինչու է դա տեղի ունենում։ Հարկ է նշել, որ բացի մարդկանց խաբելուց, ՀԱԿ-ն իր նախընտրական միտինգներում լուծում է եւս մեկ կարեւոր խնդիր։ Բանն այն է, որ շատ հաճախ դրանց ընթացքում կազմակերպիչները թեթեւ ընդհարումներ են սադրում իրավապահների հետ։ Իսկ դա հնարավորություն է տալիս նեոբոլշեւիկներին հղկել զանգվածային անկարգությունների տեխնոլոգիաները եւ ավելի լավ նախապատրաստվել հունիսի 1-ին»։