Իրավապաշտպանը «արդարադատության դեմ հանցագործություն» է որակում հետընտրական գործերով դատավարությունները

Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, ով հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորվածների նկատմամբ դատավարություններին հետեւում է առաջին իսկ օրվանից, դրանք համարում է «հանցագործություն արդարադատության դեմ»:
«Դա հանցագործություն է արդարադատության դեմ: Այն, ինչ կատարվում է դատարաններում, ուրիշ անուն չի կարող ունենալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Միքայել Դանիելյանը՝ մասնավորեցնելով. - «Վկաների վրա ճնշում, խոշտանգումների անտեսում, դատավորի կամայական որոշումները… Վստահ ենք, որ իրոք ճնշում գործադրվել է վկաների վրա, եւ ոստիկանությունը կամ Ազգային անվտանգությունը շարունակում են ճնշել վկաներին. ստիպում են ցուցմունքը չփոխել, ճնշում են գործադրում ընտանիքի վրա, նույնիսկ դեպքեր ունենք, երբ առաջարկում են հեռանալ երկրից»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի դիտորդ անդամ Արամ Կարապետյանը վստահ է, որ եթե քաղաքական պատվեր եւ ճնշումներ չլինեին, դատավարությունները նորմալ կընթանաին, գուցե՝ կպարզվեին մարտի 1-ի իրական մեղավորները: Սակայն, նրա խոսքով, դատական իշխանությունը մեզնում անկախ չի գործում, ուստիեւ ակնկալել որեւէ բան անիմաստ է: Նրա բնորոշմամբ՝ դատական իշխանությունը սոսկ «դատական համակարգի կցորդն է»:

Իրավիճակի միակ լուծումը Արամ Կարապետյանը տեսնում է համաներում հայտարարելու մեջ եւ կարծում է, որ համաներումը կհայտարարվի:

«Որովհետեւ ինչքան շարունակվում է, այնքան խայտառակվում է նախաքննությունը», - փաստարկեց նա:

Վերջերս Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ի՝ Անկախության օրվա, առթիվ համաներում է հայտարարելու, այնուհետեւ, սակայն, հերքեց այդ հայտարարությունը: Այնուամենայնիվ, հենց համաներման լուրերի հետ էլ սկսեցին ակտիվանալ ճնշումները վկաների վրա. վկաներին փորձում են առեւանգել, սպառնալիքների տակ ստիպում են պնդել նախաքննական ցուցմունքները:

Արամ Կարապետյանի կարծիքով, այս երկու երեւույթները փոխկապակցված են. - «Տրամաբանությունը հետեւյալն է. եթե նույնիսկ համաներում է հայտարարվելու, ինչու թողնել, որ խայտառակվի նախաքննական մարմինը: Համաներումից հետո, ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը իշխանության ներսում անելու է ռուսերեն խոսքով ասած՝ ռազբորկա, թե ով ինչում էր մեղավոր, որ չստացվեց, որ ստիպված եղավ համաներումով այս ամեն ինչը փակել»:

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, մինչդեռ, չի կարծում, թե համաներում կլինի. - «Ես չեմ էլ հավատում, որ համաներում կլինի: Մեր իշխանություններին արդեն վաղուց քիչ եմ հավատում»:

«Վերջերս Ստրասբուրգում էի Համմարբերգի հրավերով, եւ մարդու իրավունքների հանձնակատարը վրդովված էր Հայաստանում կատարվողից: Ասում էր, որ մեր իշխանությունները արդեն երկար ժամանակ ինչ-որ խոստումներ էին տալիս Եվրոպային, բայց այդ խոստումների ժամկետը վաղուց արդեն վերջացել է: Մենք հիմա իր համար մի փոքրիկ զեկույց ենք պատրաստում վկաների վերաբերյալ: Դա տրամադրելու ենք իրենց եւ Human Rights Watch կազմակերպությանը», - հավելեց Միքայել Դանիելյանը: