Խոզագրիպի նոր զոհեր Հյուսիսային Ամերիկայում

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ երկրում խոզագրիպից մահացել է եւս երեք մարդ: Մեկական զոհի մասին են հաղորդել ԱՄՆ-ը եւ Կանադան:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների, խոզագրիպի դեպքեր են գրանցվել առնվազն 46 երկրում: Մայիսի 26-ի դրությամբ, հիվանդների թիվն աշխարհում հասել է 12950-ի: Մեքսիկայում այդ հիվանդության զոհ է դարձել 86 մարդ, Կանադայում՝ 2, իսկ ԱՄՆ-ում՝ 12:

Երկուշաբթի օրը հիվանդության դեպքերի մասին են հայտնել Չեխիան եւ Պուերտո Ռիկոն, իսկ այսօր՝ Բահրեյնը. «Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ դա Պարսից ծոցի շրջանում խոզագրիպի առաջին դեպքն է:

Դեղամիջոցներ արտադրող Sanofi Pasteur ընկերությունը, որը խոշոր մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, մայիսի 25-ին ԱՄՆ-ի կառավարությունից ստացել է 190 միլիոն դոլարի պատվեր խոզագրիպի պատվաստանյութ պատրաստելու համար: