ՀՅԴ-ն ընտրակեղծիքների մասին ահազանգեր է ստանում

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) գերագույն մարմնի ներկայացուցիչ, կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Ռուստամյանը երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում արձանագրված մի քանի էական բացթողում է մատնանշել:

«Մենք էլ ենք ահազանգեր ստանում մեր շտաբերի կողմից: Մենք լսում ենք, որ ասում են, որ պիտի տան համատարած արձակուրդներ, որ գան այստեղ զինծառայողները քվեարկեն: Կոնկրետ փաստ չենք տեսել, բայց խոսակցությունները կան», - լրագրողներին ասաց Արմեն Ռուստամյանը:

Անցած շաբաթ նախապատրաստվող ընտրակեղծիքների, մասնավորապես զինծառայողներին ապօրինաբար քվեարկության տանելու ծրագրերի մասին ահազանգել էին նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:

Անդրադառնալով ընտրակաշառքների մասին խոսակցություններին, ՀՅԴ նախընտրական շտաբի ղեկավարը նշեց. - «Այս [ընտրակաշառքների] ճանապարհից մենք պետք է մի օր հետ կանգնենք: Իհարկե, սա երկկողմանի խնդիր է: Կաշառք վերցնողն էլ, ինձ թվում է, այդքան ընդունելի գործ չի անում: Մարդիկ դարձրել են ընտրությունները բիզնես»:

Ռուստամյանի փոխանցմամբ, խախտումների եւ վերաբերյալ հիմնավոր փաստերի առկայության դեպքում Դաշնակցությունը կդիմի նաեւ դատական ատյաններին, կօգտագործի բոլոր օրինական հնարավորությունները` ընտրությունների արդյունքները վերանայելու եւ նոր ընտրություններ անցկացնելու համար:

«Բայց հիմա վաղ է խոսել: Տեղի կունենան ընտրությունները, մենք անպայման դրան կանդրադառնանք ավելի կոնկրետ», - հավելեց Արմեն Ռուստամյանը:

Գնահատելով Երեւանի ավագանու ընտրությունները, Ռուստամյանը նշեց, որ առաջիկա ընտրությունները յուրօրինակ են, քանի որ ամբողջությամբ համամասնական կարգով են անցկացվում, այսինքն` քաղաքական պայքար է ծավալվում կուսակցությունների միջեւ:

Երեւանի ավագանու ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը, որ այս ընտրություններում հնարավորություն է ընձեռվում Երեւանի քաղաքային իշխանությունների միջոցով հակակշիռ ձեւավորել կենտրոնական իշխանություններին:

«Համարել ենք, որ սա քաղաքական ընտրություն է, եւ քաղաքական ընտրությամբ պետք է ձեւավորել կառավարման նոր մոդել», - ասաց Մինասյանը: