Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է 7-8 տոկոս տնտեսական անկում

Հայաստան - Կենտրոնական բանկի շենքը

Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը երկուշաբթի հայտարարել է, որ այս տարի Հայաստանի տնտեսական անկումը կարող է հասնել 7-8 տոկոսի, ինչը զգալիորեն ավելի է Կենտրոնական բանկի կողմից վերջերս հրապարակված 5.8 տոկոս անկման ցուցանիշից:

Ելույթ ունենալով «Հայաստան. Դիմակայելով համընդհանուր աղետին» անվանմամբ տնտեսագիտական ֆորումում` Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող դրամավարկային եւ մակրոտնտեսական քաղաքականությունը:

«Մեր կարծիքով, տնտեսության ավելի խորը անկում սպասել պետք չէ: Ամենայն հավանականությամբ, կարելի է սպասել 7-8 տոկոս տնտեսական անկում՝ տարվա կտրվածքով», - իր ելույթում ասաց Վաչե Գաբրիելյանը:

Ավելի ուշ, պարզաբանումներ տալով «Ազատություն» ռադիոկայանին, Գաբրիելյանը նշեց, որ Կենտրոնական բանկը պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների եւ սպասվող անկման մասին գնահատականներով եւ այս տարի արդեն երկու անգամ հանդես է եկել համապատասխան կանխատեսումներով:

«Առաջինում [տնտեսական անկման] մեր գնահատականը միջինում 2.9 էր, հիմա 5.8 է, երրորդում կարող է ավելի ցածր լինել: Ամեն դեպքում, մենք հստակեցնում ենք, որ երկրորդ կիսամյակը լինելու է շատ ավելի արդյունավետ, որովհետեւ էական մեծ հոսքեր ուղղվելու են տնտեսություն», - ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահը:

Մայիսին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանում գրանցված մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն երկրի տնտեսության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 9.7 տոկոսով, ընդ որում տնտեսական անկման տեմպերն արագացել են ապրիլ ամսվա ընթացքում:

Հայաստանի տնտեսության վերականգնման ժամկետների մասին հարցին Գաբրիելյանը արձագանքեց. - «Կախված է նրանից, թե դուք ինչը նկատի ունեք՝ կայունացո՞ւմը, թե՞ աճը: Կայունացումը կարող է սկսվել 2009-ի վերջից – 2010-ին: Աճ 2009 թվականին չի լինելու: 2010-ին, լավագույն դեպքում, կսկսվի աճը: Ավելի կոնկրետ կանխատեսում, ցավոք սրտի, ես ունակ չեմ անելու:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) այս ամիս նույնպես հանդես էր եկել Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին կանխատեսմամբ` նշելով, որ Հայաստանի տնտեսությունն այս տարի կկրճատվի 5 տոկոսով: Միաժամանակ, ԱՄՀ-ն հերթական անգամ աջակցություն էր հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ռազմավարությանը։

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով նույնպես մասնակցում էր համաժողովին, կարծում է, որ իշխանությունների, ինչպես նաեւ միջազգային կառույցների գնահատականները չափազանց լավատեսական են:

«Ոչինչ չի փրկելու: Որովհետեւ տրանսֆերտները Ռուսաստանից պակասել են ավելի շատ, քան իրենք մտածել էին… Առաջին եռամյակին, ինձ հասած տեղեկություններով, շուրջ կեսն է կազմում, իսկ իրենք մտածել էին, որ 25 տոկոսով կպակասի», - ասաց Բագրատյանը: - «Ես կարծում եմ տնտեսության անկումը այս պահի դրությամբ, կլինի, այսպես ասեմ՝ 6,5-ից 11, 7-ից 12 տոկոսի արանքում»:

Համաժողովի մասնակիցներից մեկ այլ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի խոսքով, իրականում կարեւոր են ճգնաժամից դուրս գալու հեռանկարները. - «Հայաստանը կարո՞ղ է օգտվել եւ բարելավել իր վիճակը այս ճգնաժամից… Դժվար թե: Ես տեսնում եմ, թե ինչ կարելի է անել, որ Հայաստանի տնտեսությունը լավանա: Բայց եթե խոսքը գնում է ճգնաժամից օգտվելու մասին… որովհետեւ միշտ, երբ ճգնաժամ կա, եթե հարյուրը տուժում են, ուրեմն մեկը պիտի շահի: Մենք կարո՞ղ ենք այդ մեկ շահողը լինել, թե՞ ոչ: Ես կցանկանայի: Բայց անկեղծ ասած, որեւիցե նախագիծ, որը հնարավորություն կտար, որ Հայաստանը ճգնաժամից ոչ թե չտուժեր, այլ օգտվեր, ես չեմ տեսնում»:

Ռուսաստանցի հայտնի տնտեսագետ, ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը, ով համաժողովին մասնակցում էր հեռուստակամրջի միջոցով Մոսկվայից, ասաց. - «Այո, սա տեւական ճգնաժամ է, բայց քիչ հավանական է, որ այն 3-3,5 տարուց ավելի շարունակվի: Եվ մենք շուտով այն կհաղթահարենք»: