Հրանտ Բագրատյան. «Մեր փողերով օգնում են իրենց»

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզմամբ` Հայաստանում պետական օժանդակություն է ցուցաբերվում այն ոլորտներին, որտեղ գործող ձեռնարկությունները պատկանում են բարձրաստիճան պաշտոնյաներին եւ օլիգարխներին:
«Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ պետական աջակցություն չի կարելի ցուցաբերել ոլորտներին, որոնցից սկսվել է ճգնաժամը», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը` հավելելով. - «Ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանի կառավարությունը պետական օժանդակություն ցուցաբերում հատկապես հանքարդյունաբերությանն ու շինարարությանը: Պատճառը պարզ է. այդ ձեռնարկությունները պատկանում են բարձրաստիճան պաշտոնյաներին եւ օլիգարխներին»:

«Եթե վարկ ենք տալիս, փող ենք տալիս` այսօր չվճարված թոշակ կա, աշխատավարձ կա, կամ` բարձրացնենք թոշակները: Ինչո՞ւ եք տանում` օլիգարխներին փողը տալիս: Օլիգարխներ կոչվածներն էլ` այդ շինարարության հետքերով ոնց գնում ես, դուրս ես գալիս` Ռոբերտ Քոչարյան, Արմեն Գեւորգյան», - հայտարարեց Բագրատյանը:

Անդրադառնալով հանքարդյունաբերությանը` նախկին վարչապետը, մասնավորապես, ասաց. - «10 միլիոն դոլար տվել են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին: Չէ՞ որ լուրջ կասկածներ կան, որ դրա տերը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանն է: Այդտեղ կրիզիսային ոլորտ է: Ինչի՞ եք փողը տալիս, որ կրիզիսը խորանա, փողը տարեք-տվեք մի ուրիշ տեղ, որտեղ նման կրիզիսի ռիսկ չկա: Բայց չէ` իրենք տվեցին: Իսկ ես այսպես եմ ընկալում. Ռոբերտ Քոչարյանին փող են տվել», - ասաց նախկին վարչապետը, նկատի ունենալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին 10 միլիոն դոլարին համարժեք դրամի չափով բյուջետային վարկ տրամադրելու մասին կառավարության` փետրվարին կայացրած որոշումը:

Հայաստանում շինարարությունը խթանելու նպատակով ապրիլին կառավարությունը որոշել էր կառուցապատողներին 20 միլիարդ դրամի պետական երաշխիքներ տրամադրել, որոնք շինարարական կազմակերպություններին հնարավորություն են տալիս վարկային միջոցներ ներգրավել առեւտրային բանկերից: Իսկ այս շաբաթ գործադիրի հավանությանը արժանացավ օրինագիծը, որով նախատեսվում է կառավարության կողմից համաֆինանսավորել Հայաստանում 3 տարվա ընթացքում առնվազն 1 միլիարդ դրամի շինարարություն իրականացնող կազմակերպությունների ծրագրերը:

Հրանտ Բագրատյանի գնահատմամբ` վերոհիշյալ քայլերը չեն տեղավորվում ո’չ բիզնեսի, ո’չ էլ, մանավանդ, օրենքի տրամաբանության մեջ. - «Ամենակարեւոր դիտարկումը. երբ փողը տալիս են կամ երաշխիքը տալիս են` տոկոսով են տալիս, փոխադարձ պարտավորությամբ, գրավ են վերցնում հիմնարկների ակցիաները: Բացի այդ, մենք եթե դրսից պարտք ենք վերցնում, պառլամենտը հաստատում է: Այս բաները պառլամենտը օրենքով հաստատե՞լ է»:

Շինարարության ոլորտը, որը վերջին տարիների արագ տնտեսական աճի կարեւորագույն գործոններից էր, 2009 թվականի հունվար - ապրիլ ամիսներին կրճատվել է 42,4 տոկոսով:

«Այս մարդիկ ձրի պետությունից վերցրել են իրացման գոտիներ` շինարարություն են անում, չեն ուզում բնակարանների գինը էժանացնել, կառավարության, պետության գրպանն են մտնում: Բյուջեից փող են վերցնում, որ իրենց պահեն, իրենց վարկերը մասամբ հետ տան», - հայտարարեց նախկին վարչապետը:

Բագրատյանի համոզմամբ` որքան շատ «հյուսիսային պողոտաներ» կառուցվեն, այդքան վատ կլինի տնտեսության համար, որովհետեւ «ոչինչ իրական տնտեսության մեջ չի զարգացրել կառուցումը»:

«Նույնիսկ 1993 թվականին կոնկրետ թվերով` կիլովատտներով, հատերով, կիլոմետրերով, շատ ավելի շատ ապրանք է արտադրվել, քան 2008-ին», - պնդեց նախկին վարչապետը` եզրակացնելով. - «Լինելով պետության ղեկավար` տնտեսության դինամիկան, էվոլյուցիան չեն հասկացել: Անտնտեսվար, ոչ մրցունակ բիզնեսին բնորոշ պրոդուկտ է այդ «Հյուսիսային պողոտա» կոչվածը»:

Հրանտ Բագրատյանի համոզմամբ` պետական օգնությունը երբեք չէր կարելի ուղղել ցածր լիկվիդայնություն ունեցող ոլորտեր. - «Կարելի էր օգնել, օրինակ, բարձր տեխնոլոգիաները, պետությունը սուբսիդավորեր կամ փայատեր կանգներ կամ օգներ ինտերնետ տեխնոլոգիաները զարգացնելու, որովհետեւ այսօր հազար հոգուն ընկնող ինտերնետով վերջին տեղն ենք Անդրկովկասում ու աշխարհում վերջին տեղերից մեկն ենք: Եթե պետությունն օգնում էր, շատ հարմար էր` այս տարի ասեր` «համատարած, բոլոր գյուղացիական տնտեսություններին մասամբ փոխհատուցում եմ վառելիքի ու սերմացուի ծախսերը»: Կամ` պետությունը կարող էր սահմանել ոռոգման գին, ասեր` «բայց կեսը ես եմ սուբսիդավորում», եւ մենք կիմանայինք, որ դա վերաբերում է բոլորին»:

«Իսկ այստեղ օգնում են իրենց: Մեր փողերով օգնում են իրենց: Գողանում են մեզանից փողերը, եւ դա անում է կառավարությունը», - ամփոփեց նախկին վարչապետը: