Օրենսդիրները քննադատել են հարկային փոփոխությունների մասին օրինագիծը

Ազգային ժողովը հինգշաբթի քննարկել է Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը` հարկային վարչարարությանն առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին: Փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է հարկ վճարողի մոտ նշանակել հարկային մարմնի ներկայացուցիչ, ինչը խորհրդարանականների խիստ քննադատությանն է արժանացել:

Փաթեթի մաս կազմող «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է հարկ վճարողի մոտ հարկային մարմնի ներկայացուցիչ, կամ ներկայացուցիչներ նշանակել` հսկողություն իրականացնելու համար: Հարկատուն պարտավոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հարկային ներկայացուցչի աշխատանքի համար` վերջինիս համար պետք է հասանելի լինեն հարկատուի տեղեկատվական ու ծրագրային համակարգերը, նա պետք է կարողանա անարգել մուտք գործել կառավարման որոշումների ընդունման վայր:

Հարկ վճարողի մոտ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմնի ներկայացուցիչ կարող է նշանակվել, եթե հարկ վճարողի նախորդ տարվա իրացումից հասույթը գերազանցել է 4 միլիարդ դրամը, կամ` ունեցել է 500 եւ ավելի աշխատող, երկու տարի անընդմեջ հայտարարել է 50 միլիոն եւ ավելի դրամ հարկային վնաս եւ մի շարք այլ դեպքերում:

Խորհրդարանականները, որոնցից շատերը խոշոր գործարարներ են, օրինագծի հասցեին հանդես եկան խիստ քննադատական հայտարարություններով եւ հարցադրումներով:

«Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը հակասահմանադրական է», - հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ընթերցեց 2008 թվականին խորհրդարանին ներկայացված կառավարության ծրագիրը, որով նախատեսվում էր հարկման հարաբերություններում ընդլայնել ինքնագնահատման համակարգի կիրառման մոտեցումները եւ ներդնել հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային համակարգեր` հնարավորինս նվազեցնելով պաշտոնյաների եւ գործարարների շփումները:

«Մտայնությունն ինքնին վտանգավոր է: Մտավախություն չունե՞ք, որ կարող է ընդլայնվի, շատ դուրեկան եւ գրավիչ դառնա: Վաղը օրինակ ջրային տնտեսությունը, որպեսզի ջուր չգողանան, կցանկանա նույնպես ներկայացուցիչ ունենալ, էլցանցը, գազը... վերելակներում կարելի է մեկական վերելակավար դնել, որ կոճակների հետ չխաղան, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ` ամեն մի տաքսիի մեջ», - թվարկեց Վահան Հովհաննիսյանը:

ՀՅԴ խմբակցության անդամ Կարեն Վարդանյանը քննարկումների ժամանակ հայտարարեց, որ 131 պատգամավորներից 100-ը դեմ են այս օրինագծին. - «Որեւէ մարդ այս նախագծին չի կարող կողմ լինել, եթե ուզում է, որ մեր տնտեսությունը աճ ունենա ու չքանդվի: Սա հակապետական, սխալ մոտեցում է»:

Այս փաթեթի շուրջ քննարկումները դեռ կշարունակվեն հաջորդ նստաշրջանին: