Միխեիլ Սահակաշվիլի. «Չկան հարցեր, որոնք բաժանեն Վրաստանն ու Ադրբեջանը»

Միխեիլ Սահակաշվիլի եւ Իլհամ Ալիեւ, Բաքու, 20 մայիսի, 2009

Երեկ երկօրյա աշխատանքային այցով Բաքու է ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Նա արդեն հանդիպել է ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ:
Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն` առաջիկա 5 տարիներին Վրաստանը գազ կստանա Ադրբեջանից:

«Մենք եղբայրական հարաբերություններ ունենք, կարող եմ ասել` մենք ոչ պաշտոնական կոնֆեդերացիա ենք ստեղծում», - համաձայնագրի ստորագրմանը հաջորդած համատեղ ասուլիսում հայտարարել է Վրաստանի նախագահը եւ հավելել. - «Իհարկե, մենք երկու անկախ երկիր ենք, բայց եղբայրական հարաբերություններ ունենք միմյանց հետ: Չկան հարցեր, որոնք չմիավորեն, եւ չկան, որ բաժանեն Ադրբեջանն ու Վրաստանը միմյանցից: Իսկ դա հազվադեպ է պատահում»:

«Մեր շատ ծրագրեր իրականություն են դարձել, դեռ ավելի շատ մասն էլ առջեւում է: Սա համագործակցություն է, որը հիմնված է ոչ միայն բարի ցանկությունների վրա, ինչպես շատ երկրների դեպքում է լինում, այլեւ` կոնկրետ ծրագրերի եւ այդ ծրագրերի իրականացման: Մենք արդեն նկատեցինք, որ Իլհամ Հեյդարովիչը եւ նրա թիմի անդամները ոչ միայն խոստանում են, այլեւ միշտ կատարում են խոստումը», - ասել է Սահակաշվիլին:

Իլհամ Ալիեւի գնահատմամբ` իր եւ Սահակաշվիլիի համատեղ աշխատանքի տարիներին Ադրբեջանն ու Վրաստանը է’լ ավելի են մոտեցել, լուծել են երկկողմանի նշանակություն ունեցող կարեւորագույն շատ հարցեր:

Ալիեւը նաեւ հայտարարել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը ավանդաբար իրար պաշտպանել եւ օգնել են:

Երեկ Ադրբեջանն ու Վրաստանը երեք հիմնական փաստաթուղթ են ստորագրել` ազատ առեւտրի, օդային հաղորդակցությունների եւ մտավոր ժառանգության պահպանման մասին:

Միխեիլ Սահակաշվիլին այսօր Վրաստան կվերադառնա նոր բացված` Բաքու - Բաթումի առաջին չվերթով: