Հայաստանի տնտեսական անկումը շարունակում է խորանալ

Հայաստան -- Շինհրապարակ Երեւանում

Հայաստանի տնտեսական անկումը շարունակել է խորանալ այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում եւ տարվա առաջին 4 ամիսներին տնտեսության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 9.7 տոկոսով:

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով, 2009 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսությունը կրճատվել էր 6.1 տոկոսով:

ԱՎԾ-ի հրապարակած վերջին տվյալներից պարզ է դառնում, որ տնտեսական անկման խորացման գործում հատկապես մեծ է շինարարության եւ արդյունաբերական արտադրանքի ծավալների կրճատման դերը:

Շինարարության ոլորտը, որը վերջին տարիների արագ տնտեսական աճի կարեւորագույն գործոններից էր, 2009 թվականի հունվար – ապրիլ ամիսներին կրճատվել է 42.4 տոկոսով:

Հայաստանում շինարարությունը խթանելու նպատակով ապրիլին կառավարությունը որոշել էր կառուցապատողների համար 20 միլիարդ դրամի (54 միլիոն դոլարի) պետական երաշխիքներ տրամադրել, որոնք շինարարական կազմակերպություններին հնարավորություն են տալիս վարկային միջոցներ ներգրավել առեւտրային բանկերից: Այդուհանդերձ, ապրիլի տնտեսական ցուցանիշները հիմք են տալիս ենթադրելու, որ կառավարության ձեռնարկած այս քայլը շինարարության ոլորտի վրա առայժմ լուրջ ազդեցություն չի թողել:


Արդյունաբերական արտադրանքի ծավալների 11 տոկոս կրճատումը մակրոտնտեսական ցուցանիշների վրա ազդող մյուս բացասական գործոնն է: 2009-ի հունվար – ապրիլ ամիսներին արդյունաբերական արտադրանքին բաժին է ընկել ՀՆԱ-ի 28 տոկոսը: Այս ոլորտի առաջատար արտահանող ձեռնարկությունները` հանքարդյունաբերության եւ մետաղամշակման ոլորտի ընկերությունները, առանձնապես ծանր վիճակում են հայտնվել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով: Հայաստանում գրանցվել է արտահանման ծավալների 48 տոկոս կրճատում: Հունվար – ապրիլ ամիսներին արտահանումը կազմել է 175.6 միլիոն դոլար:

Մինչ ԱՎԾ-ի տվյալների հրապարակումը Հայաստանի կենտրոնական բանկը (ԿԲ) վերանայել էր տնտեսական անկման վերաբերյալ իր կանխատեսումները: ԿԲ-ի կանխատեսմամբ, Հայաստանի ՀՆԱ-ն այս տարի 5.8 տոկոս անկում կարձանագրի:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) այս ամիս նույնպես հանդես էր եկել Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին կանխատեսմամբ` նշելով, որ Հայաստանի տնտեսությունն այս տարի կկրճատվի 5 տոկոսով: Միաժամանակ, ԱՄՀ-ն հերթական անգամ աջակցություն էր հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ռազմավարությանը։

Անցած շաբաթ իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանել էր իր կառավարության հակաճգնաժամային քայլերը, ասելով, որ ճգնաժամի ամիսներն անցել են «առանց լուրջ խեղումների»: