Ռուսաստանը եւ Հայաստանը ստորագրեցին 500 միլիոն դոլար վարկի համաձայնագիրը

Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինը եւ Տիգրան Դավթյանը չորեքշաբթի օրը Մոսկվայում ստորագրել են 500 միլիոն դոլար վարկի համաձայնագիրը:

Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով` ԼԻԲՕՐ + տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, ինչը ներկայումս կազմում է շուրջ 4 տոկոս:

Կուդրինի խոսքերով, հիմնական պարտքի մարումը կսկսվի միայն 5 տարուց:

Դավթյանը ասել է, որ «վարկի պայմանները համարժեք են Հայաստանի տնտեսությունում առկա պայմաններին»: «Այս պայմանավորվածությունը հաստատում է երկկողմ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը», - հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարարը:

ՓՐԱՅՄ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` վարկով ստացվող միջոցները ուղղվելու են Հայաստանի տնտեսության խթանմանը, ենթակառուցվածքային նախագծերին, փոքր եւ միջին ձեռներեցությանը աջակցելուն: